Zark Foundation

Արմեն Ջիգարխանյան

Արմեն Ջիգարխանյան

Դերասան, բեմադրիչ

3 հոկտեմբեր, 1935 - 14 նոյեմբեր, 2020

Ծնվել է Երևանում: 1953թ. ավարտել է Երևանի Ա.Չեխովի անվան միջնակարգ դպրոցը: 1953-54թթ, որպես օպերատորի օգնական, աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1954-58թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վարդան Աճեմյանի, ապա` Արմեն Գուլակյանի արվեստանոցներում: Առաջին անգամ բեմ է դուրս եկել 1955թ.` Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Վ.Գուսևի «Իվան Ռիբակով» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ: 1955-67թթ աշխատել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: 1967թ. տեղափոխվել է Մոսկվայի Լենինյան կոմսոմոլի թատրոն: 1969-96թթ խաղացել է Մոսկվայի Վ.Մայակովսկու անվան թատրոնում: Խաղացել է հետևյալ ներկայացումներում` Թ.Ուիլյամսի «Ցանկությունների տրամվայ» (Սթենլի Կովալսկի), «Կատուն շիկացած տանիքում» (Մեծ Պա), Է.Ռադինսկու «Զրույցներ Սոկրատի հետ» (Սոկրատ), Մ.Բուլգակովի «Վազք» (Գեներալ Խլուդով), Վ.Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ» (Ռիչարդ), Մ.Գորկու «Հատակում» (Դերասան) և այլն: 1996թ-ից շարունակել է ելույթներ ունենալ այլ թատրոնների բեմերում և անտրեպրիզային (մասնավոր) բեմադրություններում: Դերակատարումեր է ունեցել բազմաթիվ ռուսական ֆիլմերում և կադրից այն կողմ մարմնավորել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի բազմաթիվ մուլտհերոսների: 1979թ. Վլադիմիր Վիսոցկու հետ խաղացել է «Հանդիպման վայը փոխել չի կարելի» 5-սերիանոց ֆիլմում: 1981թ. նկարահանվել է ռուս-ֆրանսիական «Թեհրան 43» ֆիլմում: 1991-96թթ դասավանդել է Մոսկվայի Գերասիմովի անվան համառուսական պետական կինեմատոգրաֆիայի համալսարանում: 1996թ-ից ղեկավարել է Մոսկվայի դրամատիկական թատրոնը: Նկարահանվել է ավելի քան 250 գեղարվեստական և հեռուստաֆիլմերում: Գրանցվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում` որպես ամենաշատ նկարահանված դերասան: Խաղացած ֆիլմերից են` «Փլուզում» (1960թ), «Բարև, ես եմ» (1965թ), «Եռանկյունի» (1967թ), «Տղամարդիկ» (1973թ), «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ» (1975թ), «Հարսնացուն հյուսիսից» (1975թ), «Երբ գալիս է սեպտեմբերը» (1975թ), «Արևիկ» (1978թ), «Հուսո աստղ» (1978թ), «Գիքոր» (1982թ), «Ալի Բաբան և 40 ավազակները» (1983թ), «Օտար խաղեր» (1986թ), «Մենավոր ընկուզենի» (1987թ), «Մոսկովյան արձակուրդներ» (1995թ), «Ռևիզորը» (1996թ), «Մարգո թագուհի» (1997թ), «Մեր բակը 2» (1998թ), «Իմ հիասքանչ դայակը» (2004թ), «Երեք հրացանակիրներ» (2004թ), «Ռուդ և Սեմ» (2007թ), «Լավագույն ֆիլմ» (2008թ), «Եռյակը» (2010թ), «12 ամիս» (2013թ), «Գլխավոր կոստրուկտոր» (2014թ), «Չայկա բոցմանը» (2014թ), «Թելի և Թոլի» (2015թ), «Վերջին ենիչերները» (2015թ) և այլն: 1975թ. «Եռանկյունի» ֆիլմի համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Պարգևատրվել է մի շարք կառավարական շքանշաններով: 1966թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1973թ.` Ռուսաստանի, 1977թ.` Հայաստանի, 1985թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: 2010թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 2013թ.` հայկական «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության Հատուկ մրցանակի: 1999թ. ԱՄՆ-ի կառավարության քվոտայով ստացել է «Գրին-քարտ»` մշակույթի ականավոր գործիչների համար և յոթսենյականոց բնակարանը Ամերիկայում նրան է նվիրել երկրպագուն: Մահացել է Մոսկվայում: