Արմեն Տատուրյան
Ծնվել է Կիլիկիայի Սելևկիա քաղաքում (այժմ՝ Ադանայի վիլայեթում, Թուրքիա): 1922թ. Տատուրյանների ընտանիքը հաստատվել է Եգիպտոսում։ 1939թ. ավարտել է Կահիրեի ամերիկյան համալսարանի քոլեջը, 1946թ.՝ Լոնդոնի համալսարանի ճարտարապետական (հեռակա) ֆակուլտետը։ Երկար տարիներ զանազան պաշտոններ է վարել Կահիրեի հայ գեղարվեստասիրաց միությունում։ 1980թ. տեղափոխվել է ԱՄՆ։ Նրա «Կը սիրեմ աշխարհը» (1948թ.), «Անապատին խորերեն» (1963թ.) ժողովածուներում զետեղված պատմվածքների հիմնական նյութը օտար ափեր նետված հայն է, այնտեղ հասակ առնող հայ նոր սերունդը, որը ստիպված է դիմակայել և՛ սոցիալական անարդարությանը, և՛ ուծացման վտանգին։ Գրողը պատկերել է նաև տարբեր ազգերի աշխատավորների, ներկայացրել նրանց դասակարգային գիտակցության դրսևորումները։ «Գեղջկական պատկերներ» շարքում («Անապատին խորերեն») վերաստեղծված է հայրենի Կիլիկիայի անցյալը (մինչև հայաթափությունը)։ Կազմել է «Հիշատակարան ալբոմ հայ գեղարվեստասիրաց միության» (1956թ.)։ 1969թ. այցելել է Հայաստան, որի արգասիքը եղել է «Անկրկնելի ապրումներ» (1971թ.) գիրքը։ Թարգմանել է պիեսներ (Բեռնարդ Շոուից և ուրիշներից), որոնք 1951-65թթ բեմադրվել են Կահիրեի Հայ գեղարվեստասիրաց միության ուժերով։ Մահացել է Լոս Անջելեսում: