Zark Foundation

Արշալույս Արշարունի

Արշալույս Արշարունի

Բանաստեղծ, գրականագետ, թատերագետ

17 նոյեմբեր, 1896 - 21 հոկտեմբեր, 1985

Արշալույս Չինարյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարսի մարզի Կաղզվան քաղաքում։ 1904թ. ընտանիքով տեղափոխվել է Դոնի Ռոստով։ Սովորել է Նոր Նախիջևանի թեմական դպրոցում։ Այստեղ նրա ուսուցիչներն են եղել Երվանդ Շահազիզը, Գևորգ Չորեքչյանը, Աբրահամ Զամինյանը, Հրաչյա Աճառյանը։ 1916թ. ավարտել է թեմական դպրոցը և զինվորագրվել։ Մի քանի ամիս հետո զորացրվել է և ուսուցչություն արել Յալթայում, Ղարասու բազարում, Չալթըրում։ Այդ տարիներին, ռազմական գործողությունների պատճառով, Վարշավայի համալսարանը տեղափոխվել էր Դոնի Ռոստով, որի պատմաբանասիրական ֆակուլտետն է ընդունվել, սակայն չի ավարտել։ 1920-21թթ խմբագրել է «Կոմունիստ» և «Պրոլետար» բոլշևիկյան պարբերականները։ 1921թ-ից բնակվել է Մոսկվայում։ 1924թ. ավարտել է Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտը։ 1926թ-ից դասախոսել է Մոսկվայի բուհերում։ Միաժամանակ աշխատել է Մոսկվայի մի շարք գիտահետազոտական ինստիտուտներում։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Զինհրատում եղել է ավագ խմբագիր։ Առաջին անգամ տպագրվել է «Հասկեր» ամսագրում (1912թ.)։ Գրել է «Լենին» պոեմը, որը խորհրդային գրականության մեջ առաջին պոեմն է` նվիրված Լենինին։ Մասնակցել է ռուս առաջին «Գրական հանրագիտարանի» հիմնադրմանն ու խմբագրմանը` Ա.Լունաչարսկու, Վ.Ֆրիչեի, Ն.Մառի հետ։ 1935թ-ից եղել է Հայաստանի, ապա՝ Մոսկվայի գրողների միության անդամ: Զբաղվել է խորհրդային Արևելքի ժողովուրդների գրականության և ժողովրդական բանահյուսության հարցերով։ Եղել է ԽՍՀՄ նշանավոր իսլամագետներից մեկը։ Ռուսերեն լույս է տեսել նրա «ՍՍՀՄ և Արևելքի ժողովուրդները», «Ինչ է կատարվում Չինաստանում», «Բեխաիզմ», «Բաբիզմ», «Պեպոն ֆիլմում», «Հրաչյա Ներսիսյան», «Սովետական Արևելքի էպոսը», «Հանդիպումներ անցյալի հետ» և այլ գրքեր։ Հայերենից ռուսերեն է թարգմանել Հ.Քոչարի «Օգսեն Վասպուրիի ճանապարհորդությունը», Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Նար-Դոսի «Վիպակներն ու պատմվածքները», Գ.Սունդուկյանի պիեսները, Արազու պատմվածքները, Ն.Քուչակի հայրենները։ Գրել է հայերեն և ռուսերեն։ Արժանացել է մի շարք պետական մեդալների, ԽՍՀՄ «Ժողովուրդների բարեկամություն մեդալի, 1960թ.՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Մոսկվայում: