Մարիամ Պեզիրճյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է դերասանուհի Աղավնի Փափազյանի քույրը, հայ առաջին պրոֆեսիոնալ դերասանուհին: 1857-59թթ խաղացել է Սրապիոն Հեքիմյանի թատերախմբում: 1861-63թթ եղել է «Արևելյան թաարոն»-ի առաջատար դերասանուհին: 1863թ-ից խաղացել է «Վասպուրական թաարոն»-ում: 1866թ. Ստեփան Էքշյանի հետ ստեղծել է սեփական թատերախումբը: Դերասանուհու գործունեությունը նպաստել է հայ երիտասարդության ազգային ինքնագիտակցության զարթոնքին: Խաղացել է մի շարք ներկայացումներում` Թ.Թերզյանի «Սանդուխտ կույս» (Սանդուխտ), Մ.Պեշիկթաշլյանի «Արշակ Բ» (Ռոքսանա), Ռ.Սետեֆճյանի «Վարդան Մամիկոնյան» (Փառանձեմ), Գրիլպարցերի «Սաֆո» (Սաֆո), Հյուգոյի «Արքայն զբոսնու» (Բլանշ), Սոֆոկլեսի «Անտիգոնե» (Անտիգոնե), Ալֆիերիի «Մերոպե» (Մերոպե), Պելիկոյի «Ֆրանչեսկա դա Ռիմինի» (Ֆրանչեսկա) և այլն: Հաջողությամբ անձնավորել է նաև կատակերգական դերեր Մոլիերի «Ագահը» (Էլիզա), Գոլդոնիի «Պամելա» (Պամելա) և այլ ներկայացումներում: Միքայել Նալբանդյանը, Հարություն Սվաճյանը և հայ այլ առաջադեմ գործիչներ բարձր են գնահատել դերասանուհու գործունեությունը: Մինչև 1887թ. ընդմիջումներով հանդես է եկել տարբեր թատրոններում: Մահացել է Կոստանդնուպոլսում: