Zark Foundation

Արուս Ազնավուրյան

Արուս Ազնավուրյան

Դերասանուհի

16 հունվար, 1904 - 13 փետրվար, 1989

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է երգիչ Շառլ Ազնավուրի հորաքույրը և դերասան Արտավազդ Փաշայանի կինը: 1920թ. սկսել է բեմական գործունեությունը Թիֆլիսի Զուբալովի ժողովրդական տան դրամատիկական խմբում` Փառանձեմ բեմական կեղծանվամբ: 1920-30թթ խաղացել է Հովհաննես Աբելյանի և Հովսեփ Ոսկանյանի շրջագայող խմբերում: 1930թ-ից եղել է Լենինականի պետական թատրոնի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն) դերասանուհի: Խաղացել է կատակերգական, դրամատիկական դերեր բազմաթիվ ներկայացումներում` Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Շպպանիկ), «Չար ոգի» (Ջավահիր),, Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Մարթա), «Պաղդասար աղբար» (Սողոմե), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Էփեմիա), Մ.Գորկու «Հատակում» (Կվաշնյա), Կ.Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» (Հորտենզիա) և այլն: Նկարահանվել է «Արևիկ», «Պատանության ափ», «Աշնան արև», «Հին օրերի երգը» և այլ ֆիլմերում: 1967թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում, թաղված է Գյումրիի քաղաքային գերեզմանատան պանթեոնում: