Ծնվել է 1986թ. մարտի 11-ին, Երևանում: 2001թ. ավարտել է Երևանի Ա.Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը, 2003թ.` Ստեփանավան քաղաքի թիվ 1 վարժարանը: 2001-08թթ պարբերաբար հաճախել է «Մանանա» մանկապատանեկան կրթամշակութային համալիրի լրագրության, լուսանկարչության, կինոյի խմբակներ: Այս տարիների ընթացքում հեղինակել և տարբեր պարբերականներում տպագրել է գեղարվեստական պատմվածքներ, տեսական և հասարակական բնույթի հոդվածներ, որոնց համար արժանացել է մրցանակների: 2003-08թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ տեսական (Սերգեյ Դանիելյանի դասարան) և կոմպոզիցիայի բաժիններում (Լևոն Չաուշյանի դասարան): 2008թ. ընդունվել է կոնսերվատորիայի վոկալ բաժնի ասպիրանտուրա: 2006-10թթ համերգներով հանդես է եկել որպես կոմպոզիտոր և երգիչ: 2008թ. Ղ.Սարյանի անվան վոկալ ստեղծագործությունների մրցույթում արժանացել է դիպլոմի: 2010-12թթ եղել է Երևանի պետական կոնսերվատորիայի «Երաժշտական Հայաստան» ամսագրի երաժշտական խմբագիրը: 2010թ. պաշտպանել է «Հայ կոմպոզիտորների վոկալ-կամերային ստեղծագործությունների կատարողական և կոմպոզիցիոն առանձնահատկությունները» թեմայով գիտական թեզը և ստացել արվեստագիտության թեկնածուի աստիճան (գիտական ղեկավար՝ Միխայիլ Կոկժաև): 2010թ. հիմնադրել և ղեկավարում է Հայ երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների միավորումը, որի շրջանակներում նախաձեռնել է բազմաթիվ միջոցառումներ Հայաստանում և արտերկրում: Եղել է Լեհաստանի մշակույթի նախարարության «Gaude Polonia» ծրագրի կրթաթոշակառու: 2012թ., որպես ազատ ունկդիր, հաճախել է Վարշավայի Ֆ.Շոպենի անվան ակադեմիայի Էլեկտրո-ակուստիկ երաժշտության դասընթացներին, մասնավոր դասեր առել Քրիստոֆ Չայայից: Նույն թվականին Երևանի կոնսերվատորիայի հրատարակչության կողմից արժանացել է Ի.Տիգրանովայի անվան մրցանակի` տարվա լավագույն քննադատական հոդված համար, հրատարակել է երկու գրքույկ` «Երևանյան Դինգոներ» բանաստեղծությունների ժողովածուն և «Նժդեհյան աշխատությունների այժմեականությունը» աշխատությունը: Մասնակցել է մի շարք մրցույթների ու փառատոների, դարձել դափնեկիր, արժանացել մասնագիտական դիպլոմների, գրել է երաժշտություն թատերական ներկայացման համար: Հեղինակել է մի շարք վոկալ-կամերային, կամերային և սիմֆոնիկ ստեղծագործություններ: 2012թ-ից կատարելագործվել է Մյունխենի Երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում: