Zark Foundation

Արտեմի Այվազյան

Արտեմի Այվազյան

Կոմպոզիտոր, թավջութակահար

26 հունիս, 1902 - 14 նոյեմբեր, 1975

Հարություն Այվազյան
Ծնվել է Բաքվում: Երաժշտական տարրական կրթությունն ստացել է Բաքվի ուսումնարանում: 1923թ. ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիան, 1932թ.՝ Մոսկվայի կոնսերվատորիան, 1934թ.՝ Բարձրագույն վարպետության դպրոցը: Երևանում կոմպոզիցիայի դասեր է առել Ալեքսանդր Սպենդիարյանից, եղել նորաբաց կոնսերվատորիայի թավջութակի առաջին դասատուն: 1927-30թթ աշխատել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) երաժշտական ստուդիայում` որպես տնօրեն: 1933թ. դարձել է երաժիշտ-կատարողների համամիութենական առաջին մրցույթի դափնեկիր: 1938թ. կազմակերպել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը (հետագայում՝ ջազային), 1938-56թթ եղել նրա գեղարվեստական ղեկավարը, 1943-45թթ՝ Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 1936թ. գրել է «Թափառնիկոս» կոմիկական օպերան (ըստ Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» կատակերգության, բեմադրվել է 1937թ., Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում), 1963թ.՝ «Պարոն Մինթոևը Փարիզում» օպերան: Եղել է հայ ազգային էստրադային երաժշտության հիմնադիրը. յուրովի զուգորդել է սովետակաև էստրադային երաժշտության բնորոշ գծերը և հայ ժողովրդական մեղեդիների ռիթմն ու ինտոնացիաները: Ժողովրդականություն են վայելել նրա «Հայաստան», «Ջան Երևան», «Հայրենիք», «Կարինե», «Գյուլնարա», «Քարավան» և այլ երգեր: Ստեղծել է սովետահայ առաջին օպերետները: Նրա «Արևելյան ատամնաբույժ» (բեմադրվել է 1944թ.), «Աշուղ Մուրադ» (բեմադրվել է 1945թ.), «Երջանիկ օր» (բեմադրվել է 1945թ.), «Սեր աստղերի տակ» (բեմադրվել է 1969թ.) օպերետները հարստացրել են Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնի խաղացանկը: Գրել է նաև մի շարք սիմֆոնիկ ստեղծագործություններ, այդ թվում 2 սյուիտ (1948թ. և 1955թ.), թավջութակի (1947թ.) և ձայնի (1949թ.) կոնցերտներ, կամերային գործեր, այդ թվում 2 կվարտետ (1950թ. և 1955թ.), կինոերաժշտություն՝ «Ձյունե թագուհին» («Սոյուզմուլտֆիլմ», 1957թ., Վենետիկի կինոփառատոնի 1-ին մրցանակ), «Մոր սիրտը» (1957թ.), «Ինչու՞ է աղմկում գետը» (1958թ.), «Պոեմ Հայաստանի մասին» (1960թ.) և այլ ֆիլմերի համար: 1962թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: