Zark Foundation

Բարսեղ Թումանյան

Բարսեղ Թումանյան

Օպերային երգիչ

Ծնվել է 1958թ. օգոստոսի 3-ին, Երևանում: 1981թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երգեցողության բաժինը: 1982-83թթ կատարելագործվել է Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում: 1984-86թթ ուսումը շարունակել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում: 1980թ-ից եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ: 1989թ. համերգային ծրագրով ելույթ է ունեցել Լոնդոնի թագավորական օպերային Տանը` նվիրված 1988թ. Լենինականի ավերիչ երկրաշարժին: 1990թ. ելույթ է ունեցել Լոնդոնի «Վիգմոր» դահլիճում, որը նրան մեծ հռչակ է բերել: 1990-ականների սկզբերին ելույթներ է ունեցել եվրոպական բազմաթիվ քաղաքներում, Ավստրալիայում, որտեղ արժանացել է Հատուկ մրցանակի` «Ֆաուստ» օպերային ներկայացման մեջ Մեֆիստոֆլի դերի համար: Հանդես է եկել հետյալ օպերաներում՝ Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» (Դոն Բազիլիո), Վերդիի «Աթիլլա» (Աթիլլա), «Աիդա» (Ռամֆիս), «Դոն Կառլոս» (Ֆիլիպ թագավոր), Պուչչինի «Բոհեմա» (Կոլիեն), Գունոյի «Ֆաուստ» (Մեֆիստոֆել), Մուսորգսկու «Բորիս Գուդունով» (Գերման), Բիզեի «Կարմեն» (Էսկամիլիո), Ա.Տիգրանյանի «Դավիթ «Բեկ» (Դավիթ Բեկ), Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» (Նադիր շահ), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Արշակ Երկրորդ), Է.Հովհաննիսյանի «Ճանապարհորդություն դեպի Արզրում» (Պասկևիչ) և այլն: 2002-05թթ մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ի, Ավստրիայի, Կանադայի, Գերմանիայի, Չինաստանի, Ճապոնիայի բազմաթիվ քաղաքներում: Մասնակցել է նաև Սանկտ Պետերբուրգում անցկացվող հայ մշակույթի օրերին: Ընտրվել է Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի փոխնախագահ: 2000թ-ից հանդիսանում է Բարձր արվեստի համաժողովի հայկական մասնաճյուղի նախագահը: Դասավանդում է վոկալ, թողարկել է ձայնասկավառակներ և տեսաերիզներ: 2010թ. Երևանում ելույթ է ունեցել օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի հետ: 1982թ. արժանացել է Հոլանդիայի Հերտոգենբոլս քաղաքի պատվավոր մրցանակին, 1983թ.՝ Միլան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչման, 1983թ.՝ ոսկե մեդալի, 1986թ.՝ Պարմայի «Վերդիյան ձայներ» 2-րդ մրցանակին, 1987թ.՝ Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան Մեծ մրցանակի, 1987թ.՝ Ռիո դե Ժանեյրոյի Վոկալիստների միջազգային մրցույթի 1-ին մրցանակին, 2005թ.՝ ԱՄՆ Գլենդել քաղաքի պատվավոր քաղաքացու կոչման, 2006թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: