Ծնվել է 1953թ. հոկտեմբերի 12-ին, Երևանում։ 1954-65թթ սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան մանկական երաժշտական դպրոցում, 1960-70թթ՝ Ռ.Միրոյանի անվան թիվ 77 դպրոցում։ 1975թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի լեզվաբանության ֆակուլտետը (մասնագիտություն՝ ռուսաց լեզու և գրականություն)։ 1976-83թթ աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում։ 1989թ. ընդունվել է ԽՍՀՄ ԳԱ (այժմ՝ ՌԳԱ) Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրա։ 1993թ. պաշտպանել է «Պարույր Սևակի ստեղծագործությունները հայկական բանաստեղծույթան համատեքստում» թեկնածուական թեզը։ 1993թ-ից Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ժողովուրդների գրականությունների բաժնի ավագ գիտական աշխատող է։ «Համաշխարհային գեղարվեստական մշակույթ», «Արվեստի պատմություն», «Հայ գրականության պատմություն» դասընթացներ է դասախոսել, Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի համար կազմել է «Հայ գրականության պատմություն» դասընթացների ծրագիրը։ Հեղինակել է հայ գրականության մասին մի շարք հոդվածներ «Կրուգոսվետ» և Ռուսական մեծ հանրագիտարաններում։ Մասնակցել է «Լազարյան ընթերցումներ» (2003թ., 2006թ.) և այլ կոնֆերանսների։ ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի գրականության ինստիտուտի հետ միասին անց է կացրել մի շարք կոնֆերանսներ, այդ թվում՝ «Ազգային ինքնագիտակցություն և գրականություն» (Երևան, 2002թ.) և «Գրիգոր Նարեկացին և միջնադարի հոգևոր մշակույթը» (Մոսկվա, 2004թ.):