Zark Foundation

Գաբրիել Երանյան

Գաբրիել Երանյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

12 հուլիս, 1827 - 13 հոկտեմբեր, 1862

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Կրթությունն ստացել է Մայր վարժարանում՝ աշակերտելով երաժշտագետ Արիստակես Հովհաննիսյանին: Բացի հայկական խազերից, սովորել է նաև եվրոպական նոտաները և ունեցել ստեղծագործական-մանկավարժական բեղուն գործունեություն: Ուսուցչի` Արիս Հովհաննիսյանի հետ 1857-58թթ հրատարակել է «Քնար հայկական» հանդեսը, որը երաժշտական առաջին պարբերականն էր հայ իրականության մեջ և որտեղ ազգային երգերը ձայնագրվում էին եվրոպական նոտաներով: Պարբերականը կարճ կյանք է ունեցել: Իր աշակերտներից Նիկողայոս Թաշճյանի հետ 1861թ. վերահրատարակել է այն «Քնար արևելյան» անունով, բայց հնարավորություն չի ունեցել հարատևելու և 1862թ. փակել է: Որպես երաժշտության ուսուցիչ աշխատել է Խասգյուղ թաղամասի հայկական դպրոցում և ազգային հիվանդանոցի որբանոցում` կրթելով շատ աշակերտներ: Հեղինակել է ազգային, հայրենասիրական երգեր, ինչպես հայտնի «Կիլիկիան», «Հայաստան, երկիր դրախտավայր», «Արիք, Հայկազունք», «Հայ ապրինք, եղբայրք» և այլն, որոնք լայնորեն տարածվել են ոչ միայն արևմտահայ, այլև արևելահայ իրականությունում, շնորհիվ Քրիստափոր Կարա-Մուրզայի երգչախմբի: Դրանցից «Հայաստանը» հետագայում Արմենակ Շահմուրադյանի կատարմամբ և Կոմիտասի դաշնամուրային ընկերակցությամբ ձայնագրվել է, դարձել հայ ժողովրդի ամենասիրելի երգերից մեկը: Նույնքան ժողովրդականություն է վայելում նաև «Կիլիկիան»: Մահացել է Կոստանդնուպոլսում: