Ծնվել է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր), հարուստ վաճառականի ընտանիքում: Գիտելիքները ձեռք է բերել հիմնականում ինքնակրթությամբ: Եղել է Զմյուռնիայի «Հաշտենից և Վասպուրական» երիտասարդական ընկերության հիմնադիրն ու ղեկավարը, այդ ընկերության «Միություն» պարբերականի խմբագիրը, աշխատակցել է «Ծաղիկ» հանդեսին: Եղել է Փարիզի արևելագետների ֆրանսիական ընկերության իսկական անդամ, «Օրիենտ» մատենաշարով ֆրանսերեն հրատարակել է հայագիտական-ազգագրական նյութեր: Բնական գիտությունների նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու նպատակով 1858թ. «Հասարակաց թանգարան» խորագրով հրատարակել ու անվճար տարածել է բնագիտության տարբեր բնագավառներին վերաբերող 16 գրքույկներ: Վաղ շրջանում եղել է իդեալիստ լուսավորիչ: Սակայն, քննադատորեն վերլուծելով համաշխարհային փիլիսոփայական-բնագիտական միտքը, յուրացնելով ժամանակի գիտության նվաճումները և ըմբռնելով հայ հասարակական-մտավոր կյանքին առաջադրվող պահանջները՝ աստիճանաբար անցել է մատերիալիստական-աթեիստական աշխարհըմբռնման: Նրա աշխարհայացքի շրջադարձին նպաստել է նաև 1861թ. Միքայել Նալբանդյանի հետ Կ.Պոլսում ունեցած հանդիպումը: Նրա մատերիալիզմի ու աթեիզմի նվաճումը «Մեթոդի վրա» (հրտ.՝ 1878թ.) երկն է: Հեղինակն այն բնութագրել է «պզտի հանրագիտարան մը... նյութապաշտ դպրոցի ամենեն ահավոր զենքերու», ժամանակակիցները՝ մի երկ, որը կոչված է «հռչակելու և քաջալերելու դրական կամ գիտական մտքին հաղթանակը»: «Առաջադիմությունը գիտությամբ» բնաբանը կրող այս գիրքը հղել է հեղինակի ծրագրած մի շարք գիտական, փիլիսոփայական աշխատությունների առաջին հատորը: Առաջին հայ մտածողներից է եղել, որ ծանոթ էր Կ.Մարքսի «Կապիտալին» և հիշատակել է իր գրքում: Եկեղեցու պահանջով գիրքը վաճառքից հանվել է ու ոչնչացվել, իսկ երկրորդ հատորի ձեռագիրը, ամբողջ արխիվի հետ միասին, նրա մահից հետո այրվել է: Նա փիլիսոփայության հիմնական հարցը լուծել է մատերիալիստորեն, ելնելով մատերիայի («նյութի») առաջնությունից և հավերժությունից՝ գտել է, որ «...իրերու սկիզբ ու վերջ մը դավանիլը տղայություն է», «...նյութը ոչ կավելնան ոչ կը պակսի, այլ կը փոխվի» (1961թ.): Ըստ նրա մատերիային հատուկ են ձևափոխումը, շարժումը և ջերմությունը: Մատերիայի այդ ատրիբուտները՝ «ուժերը», անսպառելի են, փոխկապված. «տաքություն ըսվածը շարժման կը վերածվի» և հակառակը: նրա մատերիալիզմին բնորոշ է հակակրոնական ուղղվածությունը: Հեղինակի համոզմամբ իդեալիզմը նույնպես կրոն է՝ «կրոնի սխալներն են՝ որ կնորոգվին ավելի նուրբ ձևերով»: Նա անհիմն է համարել այն կարծիքը, թե իբր մատերիան աստված է ստեղծել, աստված ինքը «պարապ երևակայության» արդյունք է, «քիմերա»: Ելնելով աշխարհի նյութականությունից և միասնությունից՝ հաստատել է նաև օրգանական և անօրգանական աշխարհների կապը և որակական տարբերությունը, պնդել անօրգանական նյութից օրգանականի առաջացման գաղափարը: «Մեթոդ» հասկացությունը գործածել է աշխարհայացքի և իրականության ուսումնասիրման, բացատրման և վերափոխման եղանակի իմաստներով: Աշխարհայացքային նշանակությամբ նա առանձնացրել է «բնազդային», «հավատական», «տրամաբանական» և «գիտական» մեթոդները, որոնցից յուրաքանչյուրը տիրապետող է եղել մարդկային հասարակության զարգացման համապատասխանաբար՝ նախապատմական, հավատական, տրամաբանական և գիտական փուլերում: Այս ստորաբաժանումը հիշեցնում է Օ.Կոնաի ուսմունքը, որին, իհարկե, հետևել է նա, սակայն ոչ սուբյեկտիվիստական և ագնոստիկական նշանակությամբ: Իսկ անկրոն (նախապատմական) ժամանակաշրջանի գոյության մասին պնդումով, որը բացակայում է Կոնտի ուսմունքում, նա պատմական մոտեցում է ցուցաբերել դեպի կրոնը, ապացուցել, որ այն բնության ուժերի հանդեպ մարդու անզորության ու անգիտության արդյունք է: Ժխտելով այն միտքը, թե իբր կրոնը բարոյականության նեցուկն է, ցույց է տվել, որ այն աշխարհի անբարոյականության գլխավոր պատճառներից է, որ կրոնը, գիտության թշնամի լինելով, «հակագիտական և անբարոյական սովորությանց աղբյուր մը կըլլա»: Հիմնավորապես քննադատելով մտահայեցողական մեթոդը՝ միակ ճշմարիտը համարել է գիտական մեթոդը, որի «...հատկանիշներն են «արտաքին աշխարհի» հեղինակությունը, փորձը, աշխատության ու էնդյուստրիի հաղթությունը և ընկերային ընդհանուր բարօրությունը»: Այս շրջանում է, որ մարդը գիտական մեթոդով սկսում է «տեսնել, վարվել, վերլուծել» իրական աշխարհի եղելությունները: Չորս մեթոդների պատմական հաջորդականությամբ, նաև նշում է մարդկային ճանաչողության տրամաբանական ուղին՝ «մարդս նախ կզգա, ետքը կը հավտա, ետքը կը տրամաբանե ու կը գիտնա»: Նրա իմացաբանությունը ներծծված է ագնոստիցիզմի քննադատությամբ: Նա գտնում է, որ աշխարհը ճանաչելի է, որ գիտակցությունը կարող է ճիշտ արտացոլել օբյեկտիվ իրականությունը: Ճանաչողության նպատակը ճշմարտությունն է, որը պետք է փնտրել արտաքին աշխարհում, իսկ ճշմարտության չափանիշը փորձն է, որը, սակայն, նա նույնացրել է զգայական պրակտիկային: Մատերիալիստական սենսուալիզմի և իմացաբանական էմպիրիզմի դիրքերից հակադրվելով մտահայեցողական ռացիոնալիզմին՝ չի նսեմացրել տեսական մտածողության դերր և պնդել է, որ ճանաչողությունը զգայականի շարունակությունն է տրամաբանական աբստրակցիաների կազմավորման ու հետագա կիրառման ուղիով: Այս մոտեցմանը համապատասխանում է նրա ինդուկտիվիստական դիրքորոշումը տրամաբանության մեջ, որով նա հակադրվել է ոչ թե առհասարակ դեդուկտիվ սկզբունքին, այլ սխոլաստիկայի ու ռացիոնալիզմի աղճատած և առարկայազրկած արիստոտելյան սիլլոգիստիկային: Այս իմաստով գիտական իմացության տրամաբանության չափավոր ինդուկտիվիստական կոնցեպցիայի հիմնադիրն է հայ փիլիսոփայության մեջ: Նրա սոցիալական հայացքներին բնորոշ են բուրժուական սոցիոլոգիայի սահմանափակությունները: Հասարակական առաջադիմության ամբողջ իմաստը նա հանգեցրել է գիտության և լուսավորության տարածմանը: Գիտական մեթոդը յուրացնելուց հետո միայն վերջ կտրվի հասարակական ներհակություններին, կիրագործվի մարդկային ազատությունների իդեայը: Այս դիրքերից քննադատել է պայքարի հեղափոխական մեթոդն ու դրա գաղափարախոսներին: Նրա ուսմունքում կան նաև հասարակական կյանքի գիտական բացատրության ուշագրավ փորձեր, մասնավորապես հասարակության զարգացման և մարդկանց հոգևոր-բարոյական ըմբռնումների նյութական, տնտեսական պայմանավորվածության գաղափարը: Ապագա հասարակության մասին նրա պատկերացումը ուտոպիական է, հիմնված այն իդեալի վրա, որ այդ հասարակությունում «...ամեն մեկու երջանկությունը՝ բոլորի երջանկության մեջ հաստատելով, եսությունը, ազգությունը և պատերազմները» ի վերջո տնտեսապես և գիտականորեն կդադարեցվեն: Մահացել է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր):