Ծնվել է Ջուղայում (այժմ՝ Ադրբեջանում): 1818թ. տեղափոխվել է Նախիջևան, ապա՝ Թիֆլիս։ 1824-27թթ սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Հոր առևտրական գործերով ճամփորդել է Պարսկաստանում, Գերմանիայում և այլուր, մոտիկից ծանոթացել եվրոպական թատրոնին։ 1836թ. հիմնադրել է «Շերմազանյան դարբաս» թատերասրահը։ 1862թ. և 1865թ. ընտրվել է Թիֆլիսի քաղաքագլուխ։ Եղել է նաև Թավրիզի քաղաքագլուխը: Առաջին ստեղծագործությունները լույս են տեսել «Երախայրիք Ներսիսյան դպրոցի» (հ.1-2, 1828թ.) ժողովածուում։ Նրա «Իմ նշանածն Արազն ա» և «Ազգային հարսանիք» (երկուսն էլ՝ «Կռունկ Հայոց աշխարհի», 1861թ.) չափածո պիեսներում արտացոլված են հասարակական կյանքի բացասական գծերը, ազգային-կենցաղային սովորույթներն ու ծեսերը։ «Ասրի բեկ և Գիքի» («Կռունկ Հայոց աշխարհի», 1862-63թթ) պիեսում շոշափել է բռնակալության դեմ պայքարի գաղափարը։ Նրա դրամատուրգիայում հատկապես ուշագրավ է «Նկարագրությունք ինչ-ինչ գործոց Կարապետի եպիսկոպոսի վիճակավոր առաջնորդի Հայոց գաղթելոց ի Տայս» (1841թ.) քաղաքական սատիրան, որն օժտված է ռեալիզմի որոշակի միտումներով (ձեռագիրը գտնվում է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում)։ Պիեսում յուրաքանչյուր գործող անձ խոսում է իր բարբառով։ Համարձակորեն քննադատել է Թիֆլիսի թեմի առաջնորդ Կարապետ եպիսկոպոսի, նրա համախոհ բազմաթիվ գործիչների և ցարական պաշտոնյաների զեղծարարությունն ու կաշառակերությունը, որի պատճառով արգելվել է պիեսի հրատարակումը։ Հավաքել է մեծ թվով ձեռագրեր, աշուղական երգեր, ազգագրական բնույթի նյութեր, որոնց մեծ մասը հրատարակել է զանազան պարբերականներում։ 1878թ., Թիֆլիսում լույս է տեսել նրա կազմած «Անեկդոտներ, զուարճալի զրոյցներ, համառօտ դեպքեր եւ առակներ մեծ մասամբ ազգային կեանքից առած» ժողովածուն։ Զբաղվել է նաև պատմության հարցերով. Թավրիզում (1832թ.), Թեհրանում (1852թ.), Սպահանում (1853թ.) նյութեր է հավաքել պարսկահայ 40 գործչի մասին՝ օգտվելով ժամանակակիցների, ականատեսների վկայություններից, Միրզա Թաղիի «Կաջարների պատմությունից» (Թեհրան), տվել 1779-1850թթ պատմությունը, այդ թվում՝ պարսկահայերին Արևելյան Հայաստան փոխադրելու Ա.Գրիբոյեդովի եռանդուն աշխատանքի նկարագրությունը։ Այդ ամենն ամփոփվել է «Նյութեր ազգային պատմության համար։ Երևելի հայկազունք ի Պարսկաստան» (1890թ.) գրքում։ Գիրքը (Գ.Սրվանձտյանիգրախոսականով) 1889թ. արժանացել է Իզմիրյան մրցանակի։ Մահացել է Զալեսնոյե գյուղում (Ռուսաստանի Օրյոլ քաղաքի մոտ):