Zark Foundation

Գայանե Փայտյան

Գայանե Փայտյան

Հաղորդավար, լրագրող

30 հունիս, 1974 - 27 հոկտեմբեր, 2022

Ծնվել է Երևանում: 1991-96թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում: 1991-92թթ եղել է Հայաստանի ազգային հեռուստաընկերության «Մայրաքաղաք» հաղորդման մեկնաբանը, 1992-94թթ` «Ա1» հեռուստաընկերության «Թափանցիկ դռներ», «Հաու դու յու դու», «Մամուլի ակումբ» հաղորդումների թղթակիցը, հեղինակը և հաղորդավարը: 1994թ. մասնակցել է Ֆրանսիայի Պոռ դը Բուք քաղաքում անցկացվող ամենամյա միջազգային կինոփառատոնին և Երևանի կենդանաբանական այգու մասին պատմող տեսաֆիլմով ընդգրկվել մասնակիցների լավագույն տասնյակում: 1998-99թթ եղել է «Նորք» հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի տնօրենը և «Արտ 13» հեռուստաընկերության խմբագիրը, հեղինակել և վարել է «Ծանոթ անծանոթ» հաղորդաշարը: 2006թ. ԱՄՆ Պետդեպարտամենտի լրատվամիջոցների համար հատուկ ծրագրով վերապատրաստվել և որակավորվել է ԱՄՆ-ում, իսկ 2009թ. դարձյալ ԶԼՄ ներկայացուցիչների համար հատուկ ծրագրով վերապատրաստվել է Եգիպտոսում: Եղել է բազմաթիվ դոկումենտալ ֆիմերի հեղինակ` «Հայաստանի և Արցախի պատմական վանքերն ու հուշարձանները», «Հնդկաստան», «Իրանի Իսլամական Հանրապետություն», «Մեր հարևանները», «Իրաք», «Բաբելոնի գաղտնիքները» և այլն: Որպես լրատվական մեկնաբան, 1995-99թթ աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում, 1999-2015թթ՝ Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրում: 2006թ. Հայկական Երկրորդ հեռուստաալիքով հեղինակել և վարել է «Կախման կետեր», 2017-18թթ՝ «Զրույց Փայտյանի հետ» հաղորդաշարերը: 2000-08թթ եղել է ՀՀ Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետը: Տարբեր տարիներին դասախոսել է Հայաստանի Ֆրանսիական և Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարաններում: 2008թ. հիմնադրել և մինչև կյանքի վերջը ղեկավարել է հաղորդավարների և լրագրողների մասնագիտացված «TV Իդեալ» դպրոց-ստուդիան: 2004թ-ից եղել է միջազգային հեռուստառադիոընկերության ակադեմիայի անդամ: Մահացել է Երևանում: