Գարեգին Սրվանձտյանց
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, այնուհետև ավարտել Վարագավանքի ժառանգավորաց դպրոցը, որտեղ և կարգվել է ուսուցիչ։ Եղել է «Արծվի Վասպուրական» թերթի խմբագրի տեղակալը, որտեղ լույս է ընծայել հոդվածներ ու արծարծել ազգային-ազատագրական պայքարի գաղափարներ։ 1862թ. եղել է Մշո Սբ. Կարապետ վանքին կից ժառանգավորաց վարժարանի տնօրեն-ուսուցիչ, 1863-65թթ` «Արծվիկ տարոնո» նորաբաց երկշաբաթաթերթի խմբագիրը։ Խրիմյանի հետ, որպես նվիրակ ու քարոզիչ, 1860-61թթ շրջագայել է հայոց զանազան գավառներում և իր ակնարկներում և թղթակցություններում ճշմարտացիորեն նկարագրել հարստահարիչներից հայ աշխատավորության կրած տառապանքները։ Դա գրավել է Օսմանյան կառավարության ուշադրությունը և նա առնվել է գաղտնի հսկողության տակ։ Շրջագայության ընթացքում հավաքել և պարբերաբար հրապարակել է նաև ժողովրդական բառ ու բանի նմուշներ։ Նրա նախաձեռնությամբ դպրոցներ են բացվել հայկական տարբեր բնակավայրերում։ 1867թ. Կարինում ձեռնադրվել է վարդապետ և ուղարկվել Վան՝ որպես քարոզիչ։ 1867-69թթ ստանձնել է Կարինի վարժարանների լիազոր տեսչի պաշտոնը։ 1869թ. նշանակվել է Մշո Սբ. Կարապետ վանքի վանահոր փոխանորդ, միաժամանակ՝ սահմանադրության գործադրիչ Վասպուրականում։ 1872թ. մասնակցել է Վանում կազմակերպված «Միություն և փրկություն» ազգային-ազատագրական գաղտնի խմբակի ստեղծմանը։ 1877-78թթ ռուս-թուրքական պատերազմից անմիջապես հետո Կոստանդնուպոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանի հատուկ կոնդակով գործուղվել է շրջելու «ի բնագավառս մայրենի և տեշագրել զամենայն ամենայնի»։ Եղել է հայաբնակ բազմաթիվ վայրերում, ծանոթացել հայ ժողովրդի կյանքին ու կենցաղին, միաժամանակ գրի առել ժողովրդական բանավոր ստեղծագործության լավագույն նմուշները, նկարագրել ազգային ծեսերը, սովորույթները, հավատալիքները։ 1879-81թթ եղել է Վանի վիճակավոր՝ հոգևոր առաջնորդի (թեմակալի) փոխանորդ-օգնականը, մասնակցել «Սև խաչ» հայրենասիրական գաղտնի կազմակերպության աշխատանքներին։ 1881թ. կառավարության հրամանով հեռացել է Վանից, առժամանակ վիճակավոր առաջնորդի պաշտոն վարելով Բաղեշում, ապա՝ Խարբերդում։ 1886թ. Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, նշանակվել Տրապիզոնի, այնուհետ՝ Տարոնի վիճակավոր առաջնորդ, միաժամանակ՝ Մշո Սբ. Կարապետ վանքի վանահայր։ Նրա քարոզչական-հայրենասիրական եռանդուն գործունեությունը հարուցել է սուլթանի դժգոհությունը։ Պատրիարքի հրամանով, որպես քաղաքականապես անբարեհույս անձ, պաշտոնազրկվել է և ուղարկվել Կոստանդնուպոլիս, որտեղ խիստ հսկողության պայմաններում աշխատել է Բերայի Սբ. Երրորդության եկեղեցու քարոզիչ, Ղալաթիո կեդրոնական վարժարանի ուսուցիչ, վարել կրոնական ժողովի ատենապետի պաշտոնը։ Ազգագրության ու հնագիտության բնագավառում կատարած բեղմնավոր գործունեության համար ընտրվել է Պետերբուրգի կայսերական հնագիտական ակադեմիայի պատվավոր անդամ։ «Վարդ» գրական անունով թղթակցել է Կ.Պոլսի, Զմյուռնիայի և Թիֆլիսի մի շարք պարբերականների` «Մասիս», «Արևելյան մամուլ», «Կռունկ Հայոց աշխարհին», «Մեղու Հայաստանի» և այլն։ 1866թ. Կ.Պոլսում հրատարակել է «Նոր ընթերցարան» դասագիրքը։ Հայ գրականություն է մուտք գործել հայրենասիրական շնչով համակված «Ողբերգություն մեծին Սահկայ Պարթևի և անկումն Արտաշրի Արշակունվո» (գրված 1860-70թթ) և «Շուշան Շավարշանա» (1875թ.) թատերական երկերով։ Նրա «Գրոց ու բրոց»-ը (1874թ.) ավանդությունների ու զրույցների ժողովածու է, որի հավելվածում տպագրված է «Սասնա ծռեր» էպոսի իր հայտնաբերած ու գրառած առաջին պատումը՝ «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։ Այս գրառումը հարազատությամբ և ամբողջականությամբ շուրջ 150 տպագիր ու անտիպ տարբերակների մեջ համարվում է լավագույններից մեկը։ «Հնոց և նորոց» ժողովածուն պարունակում է հիմնականում, գրավոր աղբյուրներ («Պատմություն վասն Դավթի և Մովսես Խորենացվո», «Թուղթ Դիոնիսիոսի» և այլն) և «Թեշե Պոլո» բանավոր զրույցը։ «Մանանա»-ն (1876թ.) բաղկացած է «Հայրենյաց վեպք և զրույցք», «Երգք և նվագք հայրենյաց», «Հանելուկներ, առակներ, նորելուկներ» և այլ բաժիններից, ժողովածույում տրված է նաև Վանի թաղամասերի ու պատմական հուշարձանների նկարագիրը, ներառված են հեքիաթներ։ «Թորոս Աղբար»-ում (1879-84թթ և ռուսական հրատարակություն` 1887թ.) շոշափված են երկրի արդյունաբերության, գյուղատնտեսության և հայերի արտագնացության ու գաղթականության հետ կապված հարցեր, իսկ «Համով-հոտով»-ում (1884թ.) նկարագրված են Հայաստանի տեղավայրերը, պատմական հուշարձանները, կլիման, ներկայացված են Մովսես Խորենացին, Եղիշեն, Գրիգոր Նարեկացին և այլք։ Զետեղված են հեքիաթներ («Իմաստուն ջուլհակ», «Օձամանուկ և Արևահատ», «Դըժիկոն» և այլն), գեղջկական երգեր («Սիրտս նման էր...», «Լուսնակն անուշ», «Արտուտիկ», «Կոտ ու կես կորեկ» և այլն)։ Մահացել է Կոստանդնուպոլսի Սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցում, ծանր ու երկարատև հիվանդությիւնից հետո։