Zark Foundation

Գոհարինե Մելքումյան

Գոհարինե Մելքումյան

Օպերային երգչուհի, բեմադրիչ

29 ապրիլ, 1898 - 22 դեկտեմբեր, 1957

Ծնվել է Թիֆլիսում: 1921թ. ավարտել է տեղի կոնսերվատորիան: 1922թ. որպես մենակատար ընդունվել է Մոսկվայի Ստանիսլավսկու անվան օպերային թատրոն, միաժամանակ մասնակցել է բեմադրիչի դասընթացների: 1936թ-ից աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ հանդես է եկել Ջ.Պուչչինիի «Տոսկա» (Ֆլորիա Տոսկա), «Բոհեմա» (Միմի) և այլ օպերաներում: 1938թ-ից աշխատել է նաև որպես ռեժիսոր: Մասնակցել է Արշակ Բուրջալյանի բեմադրած «Տոսկա», «Լակմե», «Խաղաղ Դոն», Լևոն Քալանթարի «Եվգենի Օնեգին» և այլ օպերաների բեմադրական աշխատանքներին: Նրա առաջին ինքնուրույն բեմադրական աշխատանքը եղել է Կարո Զաքարյանի «Մարջան» օպերայի բեմադրությունը (1941թ.), որը շատ արագ մեծ ճանաչում է ստացել: Բեմադրել է նաև Զ.Պալիաշվիլու «Դաիսի» (1943թ.), Ջ.Պուչչինիի «Չիո-չիո սան» (1944թ.), «Բոհեմ» (1946թ.), Ա.Ռուբինշտեյնի «Դև» (1946թ.), Լ.Դելբիի «Լակմե» (1949թ.), Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (1950թ.), Ջ.Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» (1952թ.), Բ.Սմետանայի «Վաճառված հարսնացուն» (1953թ.), Ջ.Վերդիի «Տրուբադուր» (1957թ.) և այլ օպերաներ: Ծավալել է նաև մանկավարժական գործունեություն, երկար տարիներ ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային դասարանը: 1956թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: