Zark Foundation

Ջամալի

Ջամալի

Աշուղ

13 ապրիլ, 1848 - 2 հուլիս, 1922

Մկրտիչ Տալյան
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Սովորել է տեղի մասնավոր դպրոցներից մեկում, այնուհետև զբաղվել ինքնակրթությամբ։ Իմացել է գրաբար, պարսկերեն, արաբերեն, թուրքերեն, հունարեն։ Քրոջ ամուսնու՝ աշուղ Ջիվանիի հետ շրջագայել է Կովկասի հայաբնակ վայրերը, երգել ու նվագել ժողովրդի համար։ Լինելով ժամանակի առաջադեմ մարդկանցից մեկը՝ հետևել է հասարակական-քաղաքական իրադարձություններին, մեծ կարևորություն տվել ուսման ու գիտության տարածմանը։ Խարազանել է ագահությունը, սուտն ու կեղծիքը, քծնանքն ու նենգությունը։ Նրա խրատական, բարոյախոսական երգերը համեմված են ժողովրդական բառ ու բանով, թևավոր խոսքերով։ Հեղինակել է սիրո թեմայով բազմաթիվ բանաստեղծություններ, որոնք գրված են անթերի գրական հայերենով և հետաքրքրություն են ներկայացնում նաև գրական աշխարհաբարի զարգացման պատմության տեսակետից։ Քարոզել է հայրենասիրություն, ազգի համար պատուհաս է համարել հայրենի հողը լքելը, գաղթելը։ Նրա երգերն ունեն սոցիալական շեշտ, մանավանդ, 1905թ. ռուսական հեղափոխությունից հետո նա համոզվել է, որ ազատության կարելի է հասնել համախմբված պայքարի միջոցով։ Եղել է մուհամմաների (հանելուկների) ամենամեծ վարպետը հայ բանարվեստի մեջ: Նրա մուհամմաները լուծելու համար մրցել են նշանավոր շատ աշուղներ։ Աշուղի երգերն առաջին անգամ հրատարակվել են 1878թ.՝ «Սոխակ Հայաստանի» երգարանում։ Թողել է նաև անտիպ երգեր: Մահացել է Թիֆլիսում, թաղվել է Խոջիվանքի հայկական պանթեոնում: