Zark Foundation

Գուրգեն Ջանիբեկյան

Գուրգեն Ջանիբեկյան

Դերասան

18 մայիս, 1897 - 27 սեպտեմբեր, 1978

Գուրգեն Տեր-Խաչատրյան
Ծնվել է Երևանում: 1917թ. ավարտել է Երևանի ուսուցչական ռուսական սեմինարիան: 20 տարեկանից ելույթներ է ունեցել սիրողական թատերախմբերում, մասնակցել Մկրտիչ Գարագաշիև Սյուզան Գարագաշի օպերետային, 1920թ.` Զարիֆյան-Աբելյան խմբերի ներկայացումներին: 1922թ-ից խաղացել է Ամո Խարազյանի շրջիկ թատրոնում, Արմեն Արմենյանի թատերախմբում (Ալեքսանդրապոլ), Թիֆլիսի Հայ դրամայի թատրոնում: 1924թ-ից եղել է Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) դերասան (1965-67թթ` նաև տնօրեն): 1940-49թթ եղել է Հայկական Թատերական ընկերության առաջին նախագահը: 1947-49թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Եղել է Գրիգոր աղայի կերպարի (Վ.Փափազյանի «Ժայռ») լավագույն մարմնավորողը խորհրդահայ բեմում, որն իր կատարելությամբ մտել է հայ թատրոնի պատմության գոհարների շարքը: Խաղացած ներկայացումներից են` Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Բագրատ), Ն.Զարյանի «Փորձադաշտ» (Գառնակերյան), Ա.Պապայանի «Աշխարհն, այո՜, շուռ է եկել» (Մարգար), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Մասիսյանց), Ցանովսկու «Ցասում» (Սոթլիկյան), Դ.Դեմիրճյանի «Նապոլեոն Կորկոտյան» (Բարեղամ Պահլավունի), «Վարդանանք» (Վասակ Սյունի), Վ.Վաղարշյանի «Վանքաձոր» (Սեթո), Կոռնեյչուկի «Ռազմաճակատ» (Իվան Գոռլով), Սուխովո-Կոբիլինի «Դատական գործ» (Վառավին), Մ.Գորկու «Հատակում» (Վասկա Պեպել), Լ.Տոլստոյի «Կենդանի դիակ» (Պրոտասով), Ա.Չեխովի «Բալենու այգին» (Դաև), Ա.Օստրովսկու «Ամպրոպ» (Կուդրյաշ), Միլլերի «Գինը» (Սոլոմոն), Հաուպտմանի «Մայրամուտից առաջ» (Կլաուզեն), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Օթելլո), «Լիր արքա» (Քենտ), «Մակբեթ» (Մակդուֆ), «Համլետ» (Համլետ), Կրոնինի «Բրոուդիի ամրոցը» (Ջեմս Բրոուդի), Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (Ֆիգարո), Հ.Իբսենի «Նորա» (Կրոգստադ) և այլն: Ռադիո և հեռուստաթատրոնում խաղացել է շուրջ 100 դեր: Բեմադրել է պիեսներ Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնում` Ա.Օստրովսկու «Անօժիտը», Դ.Դեմիրճյանի «Վարդանանք» և այլն: Կատակերգական դերերում հակվել է երգիծանքի սուր, հաճախ` գրոտեսկային շեշտադրումների: Նկարահանվել է ֆիլմերում` «Զանգեզուր» (1938թ.), «Ամպրոպի արահետով» (1956թ.), «Հյուսիսային ծիածան» (1960թ.), «Սարոյան եղբայրներ» (1968թ.), «Հնձան» (1973թ.), «Ժայռ» (1973թ.) և այլն: Հեղինակել է բեմավորումներ, թարգմանություններ, «Բարեկամներիս մասին» (1965թ.) և «Իմ աշխարհից» (2 գրքով, 1977-80թթ) հուշերի գրքերը: Ա.Բարսեղյանիհետ գրել է «Տաճատ Համազասպովիչը զայրանում է» կատակերգությունը: Հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում, ԽՍՀՄ-ի բազմաթիվ քաղաքներում, Մերձավոր Արևելքում և այլուր: Արժանացել է բազմաթիվ մրցանակների, մեդալների, պատվոգրերի, 1952թ.` ԽՍՀՄ Պետական մրցանակի: 1938թ. արժանացել է Հայաստանի, 1967թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: Նրա անունով Երևանում կոչվել է փողոց: