Zark Foundation

Գևորգ Հակոբյան

Գևորգ Հակոբյան

Օպերային երգիչ

Ծնվել է 1981թ. հուլիսի 31-ին, ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում: 1998թ. ավարտել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1999-2004թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Սերգեյ Դանիելյանիդասարանում: 2000թ. մասնակցել է Ա.Իսահակյանի անվան 6-րդ հանրապետական մրցույթին և դարձել դափնեկիր: 2003թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես մեներգիչ: 2004թ. դեբյուտով հանդես է եկել Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերայում (Մոսի): 2005թ. Մոսկվայում կայացած բանակի միջազգային մրցույթին զբաղեցրել է 1-ին տեղը, ապա կատարել է Ալեկոյի դերերգը` Ռախմանինովի համանուն օպերայում և մասնակցել է Բրահմսի ռեքվիեմում` որպես մենակատար: Հանդես է եկել նաև հետևյալ օպերաներում՝ Պ.Չայկովսկու «Իոլանտա» օպերայում (Էբն-Խակիա), «Եվգենի Օնեգին» (Օնեգին), «Չերևիչկի» (Բես), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Արշակ Երկրորդ), Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (Դավիթ Բեկ), Լեոնկավալլոյի «Պայացներ» (Տոնիո), Ն.Ռիմսկի-Կորսակովի «Ասք Կիտեժ քաղաքի մասին» (Ֆյոդոր Պոյարոկ), Մասկանյիի «Գեղջկական ասպետություն» (Ալֆիո), Պուչչինիի «Մադամ Բատերֆլա» (Շարպլես), «Տոսկա» (Բարոն Սկարպիա), Վերդիի «Աիդա» (Ամոնասրո), «Նաբուկո» (Նաբուկո), Ջորդանոյի «Անդրեա Շենյե» (Կարլո Ջերարդ) և այլն: 2007թ. արժանացել է ՀՀ նախագահի «Դասական երաժշտության բնագավառում» երիտասարդական մրցանակին: 2008-10թթ հյուրախաղերով եղել է Իտալիայում, Սանկտ Պետերբուրգում, Իսպանիայում: Հանդես է եկել աշխարհի մի շարք հեղինակավոր բեմահարթակներից, համագործակցել է բազմաթիվ հանրահայտ երաժիշտների, երգիչների և դիրիժորների հետ: 2013թ. հանդես է եկել նաև դիրիժոր Վալերի Գերգիևի հետ՝ մասնակցելով «Շալյապինին անվան 31-րդ օպերային փառատոն»-ի փակման գալա-համերգին, որտեղ ելույթ է ունեցել Մարիինյան թատրոնի առաջատար արտիստների և նվագախմբի հետ: Նույն թվականին հրավիրվել է հանդես գալու որպես Պլաչիդո Դոմինգոյի փոխարինող Ֆրանչեսկո Ֆոսկարիի դերերգում՝ Ջ.Վերդիի «Երկու Ֆոսկարի» օպերայում, իսկ 2014թ. մարտ-ապրիլ ամիսներին Պ.Դոմինգոյի հետ երգել է Ջ.Վերդիի «Սիմոն Բոկանեգրա» օպերայում՝ կերտելով Պաոլո Ալբիանիի դերը (Սոֆիա Թագուհու արվեստների պալատ, Վալենսիա, Իսպանիա): Աշխատել է այնպիսի մեծանուն ռեժիսորների հետ, ինչպիսիք են՝ Ջանկարլո դել Մոնակոն, Էյմունտաս Նեկրոշիուսը, Մարիո Կորրադին, Իռկին Գաբիտովը, Վիլլի Լանդին, Լորենցո Մարիանին և ուրիշներ: Թողարկել է «Հայ դասական ռոմանսներ» խորագրով ձայնասկավառակը, որտեղ ընդգրկված են Ռոմանոս Մելիքյանի, Էդվարդ Միրզոյանի, Վաղարշակ Կոտոյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: 2010թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (2015թ-ից՝ դոցենտ): 2008թ. Մոսկվայում արժանացել է Պ.Լիսիցյանի անվան բարիտոնների առաջին միջազգային մրցույթի ոսկե մեդալին և 1-ին մրցանակին, 2011թ.՝ Մոսկվայի հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Ոսկե ձայն» մրցանակին և ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն օպերային դերասան» մրցանակին: 2011թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: