Zark Foundation

Դանիել Վարուժան

Դանիել Վարուժան

Բանաստեղծ

20 ապրիլ, 1884 - 26 օգոստոս, 1915

Դանիել Չպուգքյարյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում: 1896-1902թթ սովորել է Կոստանդնուպոլսի Մխիթարյան, ապա՝ Գատըգյուղի վարժարաններում: Այդ տարիներին նրա վրա ծանր տպավորություն են թողել աբդուլհամիդյան ջարդերը, որոնք հետագայում դարձել են բանաստեղծի ստեղծագործության հիմնական թեմաներից: 1902-05թթ սովորել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: 1905թ. մեկնել է Բելգիա և ընդունվել Գենտի համալսարան։ Ուսանողական տարիները էական դեր են խաղացել: Սովորել է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրել գրականություն և սոցիալական ուսմունքներ։ Նրա դիմաքանդակը զետեղվել է Գենտի համալսարանի գլխավոր գրադարանի դահլիճում։ Նրա գեղագիտական հայացքների ձևավորմանը նպաստում է նաև ֆլամանդացիների (բելգիացիների) բարձր մշակույթը: Խորազնին ուսումնասիրել է 17-18-րդ դարերի ռեալիստական նկարչությունը և տարվել 20-րդ դարի հռչակավոր բանաստեղծ էմիլ Վերհարնի պոեզիայով։ Ստանալով բարձրագույն կրթություն՝ 1909թ. վերադարձել է ծննդավայր։ Երկու տարի ուսուցչություն է արել Սեբաստիայի Արամյան վարժարանում, ապա 1911թ. տեղափոխվել Թոքատի (այժմ՝ Եվդոկիա) ազգային ճեմարան: 1912թ. հրավիրվել է Կ.Պոլսի Բերայի վարժարան՝ տեսչի պաշտոնով: Այս տարիներին նրա բանաստեղծությունները լայն ճանաչման են արժանացել: Նա դարձել է Կ.Պոլսի գրական շրջանների ազդեցիկ դեմքերից մեկը, գրական հավաքույթների ոգին։ Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրել է չորս գիրք՝ «Սարսուռներ» (1906թ.), «Ցեղին սիրտը» (1909թ.), «Հեթանոս երգեր» (1912թ.) և «Հացին երգը» (1921թ., հրատարակված հետմահու)։ Գրել է նաև նոթեր, հոդվածներ, կատարել է թարգմանություններ։ 1914թ. Կոստան Զարյանի, Հակոբ Օշականի, Գեղամ Բարսեղյանի և Ահարոն Տատուրյանի հետ հիմնադրել է «Մեհեան» գրական ամսաթերթը, բայց բաժանվել է խմբից երրորդ՝ մարտի համարից հետո։ 1914թ. գրող, գրականագետ Հակոբ Սիրունուհետ հրատարակել է «Նավասարդ» գրական-գեղարվեստական տարեգիրքը: 1896թ. Վենետիկում գրել է առաջին բանաստեղծությունները պանդուխտների կյանքի և այդ թվականի ջարդերի թեմաներով։ Ժողովածուները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: 1915թ. շարունակել է լրացնել գյուղի չքնաղ երգերի՝ «Հացին երգը» շարքը, պատրաստվել է գրել «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ուր պետք է տեղավորեր հին հայկական առասպելների ու ավանդությունների մշակումները, երազել է ամբողջովին մշակել «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսը։ Ծրագրել է նաև գրել «Գինիին երգը» քերթողական հատորը։ Բայց վրա է հասել արյունալի աղետը։ Եղել է Հայոց Ցեղասպանության զոհերից մեկը, սպանվել է աքսորի ճանապարհին, Չանղըրի քաղաքի մոտ` մի ձորում: Երևանում նրա անունով կոչվել է փողոց, դպրոց, որի առջև տեղադրված է բանաստեղծի կիսանդրին: