Zark Foundation

Դավիթ Կարապետյան

Դավիթ Կարապետյան

Բալետի արտիստ, պարուսույց

Ծնվել է 1981թ. մարտի 29-ին, Երևանում: Բալետի արտիստներ Ռաշիդ Կարապետյանի որդին է, Աննա Կարապետյանի եղբայրը: Ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը: Այնուհետև կրթությունը շարունակել Շվեյցիարիայի բալետի դպրոցում: Վեց տարի որպես մենակատար հանդես է եկել Ցյուրիխի բալետում: 2005-17թթ աշխատել է «Սան-Ֆրանցիսկո» բալետային խմբում և դարձել առաջատար մենապարող: Որպես մենապարող Հայաստանի ազգային բալետային խմբի հետ հանդես է եկել Ճապոնիայում և Գերմանիայում: Նրա բազմաթիվ գլխավոր դերերից են Արքայազնը եւ Ձյան թագավորը («Մարդուկ-Ջարդուկը»), Զիգֆրիդը («Կարապի լիճը»), Ալբերտը («Ժիզել»), Ռոմեոն («Ռոմեո եւ Ջուլիետ»), Օնեգինը («Օնեգին»), Բազիլը («Դոն Կիխոտ») և այլն: Գլխավոր դերեր է կատարել նաև Ջորջ Բալանչինի ստեղծագործությունների բեմադրություններում՝ «Ադամանդներ», «Սուտակներ», «Դիվերտիսմենտ թիվ 15», «Չորս տարերք», «Շոտլանդական սիմֆոնիա»: 2008թ. դեկտեմբերին նկարահանվել է Թոմասոնի «Շչելկունչիկ» հեռուստատեսային ֆիլմում: Դարձել է միջազգային և հայկական բազմաթիվ մրցույթների դափնեկիր: 1999թ. դարձել է Լոզանի հեղինակավոր բալետի մրցույթի հաղթող: 2006թ. ԱՄՆ բալետի միջազգային մրցույթում արժանացել է «Լավագույն զույգ» (կնոջ՝ Վանեսա Զահորյանի հետ) մրցանակին: Եղել նաեւ Այսեդորա Դունկանի մրցույթի մրցանակակիր՝ անսամբլային լավագույն կատարման համար: Նրա 2015թ. իրականացրած Հայոց ցեղասպանության մասին «Մեռան, որ ապրինք» խորեոգրաֆիկ ֆիլմն արժանացել է «Էմմի» մրցանակի՝ Հեռուստատեսային արվեստների և գիտությունների ազգային ակադեմիայի Սան Ֆրանցիսկոյի մասնաճյուղի կողմից: 2017-22թթ եղել է Փենսիլվանիայի բալետի ակադեմիայի գեղարվեստական ղեկավարը: Նկարահանվել է PBS հեռուստաընկերության բալետային ֆիլմերում, այդ թվում՝ Հելգի Թոմասոնի «Մարդուկ-Ջարդուկը» (Արքայազն, 2008թ.), Ջոն Նոյմայերի «Փոքրիկ ջրահարսը» (Ծովային կախարդ, 2011թ.), Հելգի Թոմասոնի «Ռոմեո եւ Ջուլիետ» (Ռոմեո, 2015թ.): 2018թ. եղել է Լոզանի մրցանակի ժյուրիի կազմում, որպես հրավիրյալ ուսուցիչ աշխատել Սան Ֆրանցիսկոյի, Բոսթոնի, Ֆիլադելֆիայի և այլ բալետային խմբերի հետ: Հանդես է եկել նաև Երևանի օպերայի եւ բալետի թատրոնում: 2022թ-ից ղեկավարում է ԱՄՆ-ի Ֆիլադելֆիայի բալետի դպրոցը: