Zark Foundation

Դիանա Մացոյան

Դիանա Մացոյան

Դերասանուհի

Ծնվել է 1979թ. հունիսի 10-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1986-96թթ սովորել է Գյումրու Ս.Կիրովի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում, 1997-2001թթ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղում՝ պրոֆեսոր Ալբերտ Մկրտչյանի արվեստանոցում: 1998թ-ից աշխատում է Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում որպես դերասանուհի: Ուսանողական տարիներից զբաղվել է նաև պարարվեստով՝ հանդիսանալով «Էսկադա» ՀԿ-ի նույնանուն մանկապատանեկան պարի թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Ղեկավարած պարի թատրոնը մասնակցել է եվրոպական երկրներում կազմակերպված բազմաթիվ միջազգային մրցույթ-փառատոների՝ արժանանալով առաջին և «Գրան Պրի» մրցանակների: Թատրոնում խաղացած լավագույն դերերից են՝ Ա.Շիրվանզադեի «Չար ոգի» (Սոնա), Ռ.Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» (Սեդա), Ֆ.Դյուրենմաթի «Հերակլեսի չիրագործված սխրանքը» (Դեյանիրա), Մ.Իշխանի «Կիլիկիո արքա» (Զաբել), Լ.Ռազումովսկայայի «Սիրելի Ելենա Սերգեևնա» (Լյալյա), Ռ.Կաշաուսկասի «Երազանքների տունը» (Իլզե), Մ.Զադորնովի «Վաճառեք ձեր ամուսնուն» (Օկսանա), Կ.Զարյանի «Արա Աստված» (Շամիրամ), Կ.Մանիեի «Փարիզը վտանգավոր քաղաք է» (Մարի), Հ.Մարգարյանի «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ» (Քնար), Վ.Շեքսպիրի «Լիր արքա» (Ռեգան), Ա.Պետրոսյանի «Արշիլ Գորկի» (Ագնես), Հ.Փինթերի «Սիրային խաղեր» (Սառա), Վ.Կրասնագորովի «Սիրո Casting» (Իննա), Ա.Աղասարյանի «Հարսանիք թիկունքում» (Անժելա), Բ.Զաքարյանի «Քեյս» (Էվա) և այլն: Արժանացել է նաև մի շարք կառավարական և գերատեսչական պարգևների, պատվոգրերի և շնորհակալագրերի, ինչպես նաև ՀԹԳՄ ոսկե մեդալի: 2019թ արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: