Ծնվել է Ռուսաստանի Օմսկ քաղաքում: Եղել է բեմադրիչ, դերասան Եվգենի Վախթանգովի թոռը: 1970թ. ավարտել է Սուրիկովի անվան Մոսկվայի արվեստի պետական ինստիտուտը: 1972թ-ից մասնակցել է նկարչական ցուցահանդեսների: 1974թ-ից եղել է Մոսկվայի նկարիչների միության անդամ: Աշխատել է դիմանկարի, նատյուրմորտի, բնանկարի ժանրերում, վերջին շրջանում զբաղվել է նաև աբստրակտ պուանտիլիզմով: Ապրել և աշխատել է Մոսկվայում: 1995-2011թթ աշխատել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի բեմանկարչության ֆակուլտետում, որպես բնանկարչության դասախոս: 2012թ-ից եղել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության բաժնի ակադեմիկոս: Նրա ստեղծագործությունները ներառված են Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահի, Սանկտ Պետերբուրգի պետական ռուսական թանգարանի հավաքածուներում, ինչպես նաև՝ մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Շվեդիայում, Ավստրիայում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայում, Ավստրալիայում: Աշխատանքներից են՝ «Տոնական երեկո» (1976թ.), «Գորկու փողոցը» (1981-84թթ), «Գիշեր: Կարմիր փողոց» (1987թ.), «Լաց» (1988թ.), «Спонтансюрр №10» (1991թ.), «Մոդեռն» (1993թ.), «Կատակլիզմ» (1993թ.), «Ամենինչ լավ կլինի» (2006թ.) և այլն: Մահացել է Մոսկվայում: