Zark Foundation

Երուխան

Երուխան

Արձակագիր, թարգմանիչ

5 հուլիս, 1870 - 11 հունիս, 1915

Երվանդ Սրմաքեշխանլյան
Ծնվել է Կոստանդնուպոլսի Խասգյուղ թաղամասում: 1886թ. ավարտել է տեղի Ներսիսյան վարժարանը, ապա ուսումը շարունակել է Ղալաթիայի Կեդրոնական վարժարանում։ 1889-90թթ հանդես է եկել մամուլում: Գրական առաջին փորձերին հաջորդել են մի քանի նովելներ: Առաջինը` «Պապուկը», լույս է տեսել «Արևելքի» 1891թ. մայիսի 29-ի համարում: 1890թ-ից աշխատել է «Արևելք»-ի խմբագրությունում։ 1891-96թթ «Արևելք»-ի և «Մասիս»-ի էջերում հրատարակել է նովելներ: 1896թ. հունիսին պայմանագրով ձեռնարկել է «Ծաղիկ» հանդեսը որպես օրաթերթ հրատարակելու գործը։ Երբ ամեն ինչ պատրաստ է եղել հրատարակման համար, սկսվել է 1896թ. հայկական կոտորածը։ Գրողը տեղափոխվել է Բուլղարիա, հաստատվել Վառնայում, որտեղից որոշ ժամանակ թղթակցել է «Բյուզանդիոն»-ին, Վարդան Մեշտուտճյանի օժանդակությամբ հիմնադրել «Շարժում» օրաթերթը (1898թ.), հրատարակել «Շավիղ» հանդեսը (1900թ-ից), գրել առաջին վեպը` «Մերժված սերը», ապա «Գաղթականները» վեպը, որն անվարտ է մնացել (տպագրվել է «Շավիղ»-ում): Վառնայից նամակագրական սերտ կապ է պահպանել Փարիզում գտնվող Արշակ Չոպանյանի հետ։ Բացի այդ, աշխատակցել է նաև «Անահիտ» հանդեսին, որի էջերում էլ առաջին անգամ հանդես է եկել Երուխան անունով։ 1902թ. որոշ ժամանակ վարել է Ասպրիղի ազգային վարժարանի տնօրինությունը, իսկ 1902-04թթ պաշտոնավարել է Վառնայի ազգային վարժարանում՝ դասավանդելով աշխարհաբար հայերեն։ 1903-04թթ ուստարում նրան ապօրինի ազատել են ուսուցչական աշխատանքից։ 1904թ. ակտիվ աշխատակցել է տպարանատեր Օնիկ Բարսեղյանի հրատարակած «Վիպաթերթ» հանդեսին, որտեղ մաս-մաս տպագրվել է նրա «Մերժված սերը» վեպը։ 1904թ. անցել է Եգիպտոս։ Շարունակել է գրական, խմբագրական աշխատանքը, զբաղվել մանկավարժությամբ (Ալեքսանդրիայի, Կահիրեի ազգային վարժարաններում)։ 1904-08թթ դարձյալ զբաղվել է մանկավարժական աշխատանքով։ Երեք տարի Ալեքսանդրիայի Պողոսյան ազգային երկսեռ և մեկ տարի Կահիրեի ազգային վարժարանների բարձր դասարաններում դասավանդել է աշխարհաբար հայերեն, ֆրանսերեն, պատմություն և աշխարհագրություն։ Զուգահեռաբար զբաղվել է նաև խմբագրական աշխատանքով: 1905թ. Ալեքսանդրիայում, Սմբատ Բյուրատի հետ միասին հրատարակել է «Սիսվան» ամսաթերթը, որն ընդամենը երկու համար է լույս տեսել։ «Սիսվան»-ում նրա թարգմանությամբ տպագրվել են Մաքսիմ Գորկու «Բոլես» նովելը և Պոլ Բուրժեի «Երկվություն» վեպը։ Արփիար Արփիարյանի մահից հետո ստանձնել է «Լուսաբեր»-ի խմբագրապետությունը, որը վարել է մինչև 1908թ. հուլիսը։ 1908թ., Երիտթուրքական հեղափոխությունից հետո, վերադարձել է Կ.Պոլիս, օգոստոսի 7-ին նշանակվել «Արևելք» թերթի խմբագիր: Վերամշակելով «Անիծված սերը»` հրատարակել է նույն թերթում «Ամիրայի աղջիկը» վերնագրով: Լույս է ընծայել նաև նովելների ժողովածու («Կյանքին մեջ», 1911թ.): Բաբերդից (Բայբուրդ) ընտրվել է Ազգային ժողովի երեսփոխան։ 1909թ., 3-4 ամիս, եղել է նաև Խասգյուղի թաղային խորհրդի անգամ։ 1910թ. հուլիսի 4-ին հրաժարվել է «Արևելք»-ի խմբագրի պաշտոնից, ստանձնել է Սկյուտարի Սբ. Խաչ ազգային վարժարանի տնօրինությունը, մինչև 1913թ. օգոստոսը, ապա մեկնել է Խարբերդ` մանկավարժական աշխատանքի անցնելով Մեզիրեի կեդրոնական վարժարանում։ 1912թ. «Ոստան» հանդեսում տպագրվել է նրա «Հարազատ որդին» վիպակը: 1913թ. թարգմանել և հրատարակել է Էդուարդ Տրիոյի «Արևելյան խնդիրը և հայկական հարցը իր ծագումեն մինչև մեր օրերը» ուսումնասիրությունը: Օգտագործել է «Գաղթական», «Ե.Գաղթական», «Աշուղ» ծածկանունները: Ֆրանսերենից թարգմանել և «Արևելք» օրաթերթում հրատարակել է Ալֆոնս Դոդեի «Ջեկ» (1896թ.), Հեկտեր Մալոյի «Ընտանիքը» (1894-95թթ), Ժ.Լեոմինայի «Փարիզի գայլերը» (1893-94թթ), Ժ.Մարիի «Դժգույն աղջիկը» (1894թ.) և այլ վեպեր ու վիպակներ։ Ձերբակալվել է 1915թ. մայիսի 1-ին: Նրան և Խարբերդի գավառի մյուս մտավորականներին անասելի տանջանքների ենթարկելուց հետո տարել են Դևե Բոյնի և գլխատել կացնով ու մանգաղով: