Երվանդ Տեր-Հակոբյան
Ծնվել է Տրապիզոնում: 1912թ. ավարտել է Էրզրումի Սանասարյան վարժարանը, որտեղ սովորել է նաև ջութակ նվագել: Ուսումը շարունակել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, Լենինգրադում դասեր առել ջութակահար Հովհաննես Նալբանդյանից: 1923թ-ից երաժշտական գործունեություն է ծավալել (հիմնականում խմբավարական) Դոնի Ռոստովում, դասավանդել տեղի մանկավարժական տեխնիկումում: 1930թ. ստեղծել է Հյուսիսային Կովկասի առաջին ազգագրական անսամբլը (հետագայում` Դոնի Ռոստովի ռադիոկոմիտեի ժողովրդական գործիքների անսամբլ): 1938թ-ից ղեկավարել է Հյուսիսային Կովկասի ժողովուրդների երգի-պարի անսամբլը (Կիսլովոդսկ): 1942թ-ից բնակվել է Երևանում, կազմակերպել բազմաթիվ պրոֆեսիոնալ և ինքնագործ երաժշտական կոլեկտիվներ Երևանում, Լենինականում, Կիրովականում, որոնց թվում` Երևանի Աշխատանքային ռեզերվների կուլտուրայի տան երգի-պարի անսամբլը: Հեղինակել է վոկալ-գործիքային սյուիտներ` «Հայրենիք», «Բերքի տոն», «Երիտասարդական», «Գարնանային» և այլն, բազմաթիվ երգեր` «Քայլենք խիզախ», «Շարմաղ աղջիկ», «Մի գնա յար», «Մայրիկիս», «Սայաթ-Նովա», կատարել է ժողովրդական երգերի և պարեղանակների մշակումներ` «Թալիշու ճամփեն դուզ ա», «Ալ վարդ», «Կանչում եմ յար արի»: 1964թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: