Zark Foundation

Երևանի Ս.Սարգսյանի անվան Համազգային թատրոն

Երևանի Ս.Սարգսյանի անվան Համազգային թատրոն

Մշակութային կենտրոն

Հիմնադրվել է 1991թ., Երևանում, Սոս Սարգսյանի նախաձեռնությամբ։ Թատրոնի հիմնադրման, ճանաչման և զարգացման գործում մեծ ավանդ են ունեցել այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են՝ Մայիս Կարագյոզյանը, Շահում Ղազարյանը, Հրաչյա Գասպարյանը (1995թ-ից՝ գլխավոր ռեժիսոր), Գալյա Նովենցը, Դավիթ Հակոբյանը, Կարինե Ջանջուղազյանը և այլք։ Բացվել է Էդուարդո դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը» պիեսի բեմադրությամբ (1991թ., ռեժիսոր՝ Ս.Սարգսյան)։ Բեմադրություններից են նաև՝ Հ.Հակոբյանի «Լեռնային կակաչներ» (1993թ.), Սայմոնի «Շիկացած սիրեկանն անկողնում» (1994թ.), Մոլիերի «Տարտյուֆ» (1998թ., երեքն էլ՝ ռեժիսոր Հ.Գասպարյան), «Մենք» (ըստ Լեռ Կամսարի, 1993թ., ռեժիսոր Ե.Ղազանչյան), Վ.Սարոյանի «Մի գավաթ բարություն» (1994թ.), Վ.Շեքսպիրի «Լիր արքա» (1996թ., երկուսն էլ՝ ռեժիսոր՝ Ս.Սարգսյան), Մրոժեկի «Բաց ծովում», Կ.Մանիեի «Օսկար» (երկուսն էլ՝ 1995թ., ռեժիսոր՝ Դ.Հակոբյան)։ Թատրոնը բեմադրել է նաև մանկական ներկայացումներ (Հ.Թումանյանի «Անբան Հուռին» և այլն)։ Տարբեր տարիներ թատրոնում են աշխատել դերասաններ Շահում Ղազարյանը, Մայիս Կարագյոզյանը, Կարեն Ջանիբեկյանը, Գուրգեն Սեդրակյանը, Տիգրան Ներսիսյանը, Հովիկ Վանյանը, Աննա Էլբակյանը, նկարիչ Գրետա Նալչաջյանը և ուրիշներ։ Թատրոնը հյուրախաղերով ելույթ է ունեցել Սիրիայում, Լիբանանում (1994թ.), Իրանում (1997թ.)։ 2003թ. թատրոնը ստացել է պետական կարգավիճակ, իսկ 2015թ-ից այն կոչվում է Սոս Սարգսյանի անունով։ 2009-17թթ թատրոնը տնօրինել է դերասան Վարդան Մկրտչյանը, 2018-21թթ՝ դերասան Արման Նավասարդյանը։ Թատերախմբում են դերասաններ Դավիթ Հակոբյանը (նաև ռեժիսոր), Կարինե Ջանջուղազյանը, Տաթև Ղազարյանը, Սերգեյ Թովմասյանը, Արման Նավասարդյանը, Ալլա Սահակյանը, Կարեն Խաչատրյանը, Գագիկ Մադոյանը, Նարեկ Բաղդասարյանը, Վարշամ Գևորգյանը, Ստեփան Ղամբարյանը և ուրիշներ։ 2018թ-ից թատրոնի գեղարվեստական ղեկավարն է դերասանուհի, բեմադրիչ Նարինե Գրիգորյանը, 2023թ-ից թատրոնի տնօրենն է Ղուկաս Մադոյանը: