Ծնվել է 1975թ. դեկտեմբերի 27-ին, Երևանում: 1992թ. ավարտել է Երևանի Ա.Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: 1983թ. հաճախել է Սայաթ-Նովայի անվան երժշտական դպրոց, այնուհետև` թիվ 19 երաժշտական դպրոց, որտեղ ավարտել է դաշնամուրային բաժինը: 1992թ. ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի էկոլոգիայի բաժին: 1999-2003թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազային ֆակուլտետում: Երգարվեստի ճանապարհը սկսել է 1987թ-ից, Հ.Իգիթյանի Գեղագիտական կենտրոնի ջազ-փոփ երգչախմբում, որի կազմում, իբրև մենակատար, մասնակցել է բազմաթիվ մրցույթ-փառատոների և արժանացել լավագույն մրցանակների: 1993թ-ից աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում՝ որպես մենակատար: 1994թ. աշխատել է իբրև խմբավար` Գեղագիտական կենտրոնի «Վաղորդյան կաթիլներ» և «Ջեզլ» մանկապատանեկան էստրադային խմբերի հետ: 1995թ-ից հանդես է եկել բազմաթիվ համերգներով և մենահամերգներով Հայաստանում և արտերկրում: 2000թ. «Սայաթ-Նովա» մրցույթին լիրիկական ժանրում արժանացել է 1-ին մրցանակին: 2001թ. «Կռունկ» փառատոնի ժամանակ, «Շալախո» երգի համար արժանացել է «Լավագույն ժողովրդական մշակում» մրցանակին և թողարկել է առաջին ձայնասկավառակը: 2002թ. Լոս Անջելեսի հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Տարվա լավագույն երգչուհի», իսկ նրա առաջին՝ «Ճանապարհ դեպի» ձայնասկավառակը` «Լավագույնը փոփ-ֆոլկ» մրցանակին: 2004թ. «Պարում են աստղերը» միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակին: 2005թ. Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Հայաստանի պետական ջազային նվագախմբի և Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու» թատրոնի մասնակցությամբ տեղի է ունեցել նրա առաջին մենահամերգը: 2006թ. թողարկել է «Հին ու Նոր» թվով երկրորդ ձայնասկավառակը և նույնանուն տեսասկավառակը: 2009թ. հիմնել է երգի ստուդիա, որտեղ սովորում են 5-12 տարեկան երեխաներ: 2011թ. Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված համերգներով ելույթ է ունեցել Հայաստանում, Ռուսաստանում և ԱՄԷ-ում: 2012թ. թողարկել է թվով երրորդ՝ «Սիրելիս» ձայնասկավառակը: Նույն թվականին իրականացրել է «Զարուհի Բաբայանը բանակի կողքին» բարեգործական նախագիծը, որի շրջանակներում նկարահանվել է տեսահոլովակ Ռ.Աբրահամյանի «Գովք Ֆիդայուն» երգի հիման վրա: Նախագծի շրջանակներում համերգային ծրագրերով հանդես է եկել ՀՀ Զինված ուժերի և Արցախի Պաշտպանության բանակի զորամասերում: Նկարահանել է ավելի քան 10 տեսահոլովակ: 2013թ-ից հանդիսանում է ՄԱԿ-ի փախստականների գործակալության ազգային հետևորդ: 2012թ. պարգևատրվել էԱրցախի Պաշտպանության բանակի հուշամեդալով: 2014թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: