Ծնվել է Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում: 1867թ. ուղարկվել է Փարիզ, որտեղ հետևել է բժշկության՝ Սեն Բարբի վարժարանում, որից հետո մի քանի տարի աշխատել է Փարիզի հիվանդանոցներում: Ուսանողական տարիներից իր մեջ նկարչական հակում ունենալով՝ հետևել է այդ ասպարեզին: 1879թ. Փարիզի Վոլնեյ ակումբում առաջին անգամ ցուցադրել է իր նկարները: Քաջալերված գտած ընդունելությունից, ամբողջովին նվիրվել է նկարչությանը: 1885թ. Շանզ Էլիզեի սրահներում ցուցադրած իր երկու նկարներից մեկը գնվել է Օռլեանի թանգարանի կողմից: Ավելի ուշ նույն պատվին են արժանացել ևս 12 գործ: Քսանից ավել թանգարաններ գնել են նրա վրձնի արտադրանքը: Աչքի է ընկել որպես նատյուրմորտի մեծ վարպետ: 1907թ. փարիզյան ցուցահանդեսին ներկայացված «Երաժշտական գործիքները» անմիջապես գնել է Փարիզի Լյուքսենբուրգյան թանգարանը: Թերթերի և ամսագրերի բազմաթիվ հիացական տողերից բացի, նկարչի մասին գրվել է Ռոժե Պերի «Գեղարվեստի ընդհանուր պատմության» և Պոլ Ադանի «Ֆրանսիական արվեստի տասը տարին» ուսումնասիրությունների մեջ: 1889թ. և 1900թ. համաշխարհային ցուցահանդեսներում արժանացել է ոսկե մեդալի, 1899թ.՝ Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանի: Մահացել է Փարիզում: