Ծնվել է 1935թ. փետրվարի 10-ին, Ստեփանակերտում: 1953-57թթ ծառայել է բալթիական նավատորմում։ 1963թ. ավարտել է Ռյազանի Ի.Պավլովի անվան բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1963-73թթ Կամչատկայում աշխատել է որպես բժիշկ։ 1967թ., իր երկու ընկերների հետ, «Վուլկան» և «Հեյզեր» նավակներով Կամչատկայից Օդեսա է հասել, անցնելով 22 հազար կիլոմետր տարածություն: 1970թ. Կամչատկայից կտրել է Խաղաղ օվկիանոսը, հասել Ատլանտյան օվկիանոս։ 1973թ. ձմռանը շնասահնակով կտրել-անցել է Կամչատկայի և Չուկոտկայի տունդրաները, հասել մինչև Հյուսիսային օվկիանոս։ 1973-75թթ աշխատել է Երևանի բուժական ֆիզկուլտուրայի հանրապետական դեսպանսերում: 1975թ-ից եղել է «Լիտերատուրնայա գազետա» թերթի սեփական թղթակիցը Հայաստանում, «Բայկալյան շարժում», միջազգային էկոլոգիական կազմակերպության համանախագահը։ Հայ Դատի և Արցախի հարցի արդար լուծմանը զինվորագրվել է 20-րդ դարի 1960-70-ական թվականներին։ Իր հեղինակած «Օջախ» գրքում անդրադարձել է Հայաստանի, Նախիջևանի և Արցախի թեմային, որի համար հարձակումների է ենթարկվել ոչ միայն թուրք-ադրբեջանական պատմաբանների, այլև ԼՂԻՄ մարզկոմի ադրբեջանամետ ղեկավարության կողմից։ Եղել է 1988թ. ծավալված արցախյան ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից ու գաղափարախոսներից մեկը։ 1988-91թթ Միխայիլ Գորբաչովի, Ա.Յակովլևի և ԽՄԿԿ ԿԿ ու գործադիր իշխանությունների բարձրագույն այլ գործիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ, ԽՍՀՄ պատգամավորների համագումարներում, Բորիս Ելցինին հղած նամակում ներկայացրել է Արցախյան հիմնախնդիրը, ԼՂԻՄ-ում տեղի ունեցող ողբերգությւոնների հիմքերը, պանթուրքիզմի տարածման վտանգավորությունը, պատճառաբանված և հիմնավորված ելույթներով դատապարտել Ադրբեջանի և Կենտրոնի կողմից կատարվող հակաօրինական, հակահայկական գործողությունները։ 1989-92թթ եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1990թ. սեպտեմբերի 20-29-ին Մոսկվայում իր հյուրանոցային համարում հայտարարել է հացադուլ՝ բողոքելով «ԼՂ-ում տեղի ունեցող անօրինականույունների և Մ.Գորբաչովի անգործության դեմ» և պահանջել, որ վերականգնվեն ԼՂԻՄ-ի իրավական-վարչական մարմինները, նրա սահմանադրական իրավունքները։ 1992-95թթ եղել է Արցախի Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1992-94թթ ակտիվ մասնակցություն է ունեցել ռազմաքաղաքական նշնակության հարցերի մշակման գործում, պարբերաբար եղել է ռազմաճակատի ամենաթեժ կետերում և իր ներկայությամբ ոգևորել հայ զինվորին, որի համար ստացել է «Կոմիսար» պատվանունը, եղել է բազմաթիվ արտասահմանյան երկրների կողմից Արցախին ցույց տրվող մարդասիրական օգնության նախաձեռնողն ու կազմակերպիչը: Ինչպես պատերազմի տարիներին, այնպես էլ հետպատերազմյան շրջանում օգտագործել է ոչ միայն միջազգային տարբեր հանդիպումների ու հրապարակային ելույթների ուժը, այլև «Կիլիկիա» և «Արմենիա» նավերով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարելու տարբերակը, որի ընթացքում (2004-12թթ) նավերով օվկիանոսներն ու ծովերը հատել է Արցախի պետական դրոշը վեր պարզած: 1972թ-ից Հայաստանի գրողների, հետագայում` ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակվել են նրա «Մի բուռ սաթ» (1969թ.), «Հիպոկրատի գլխարկը» (1972թ.), «Երկնագույն ճանապարհներ» (1975թ.), «Գոտեմարտ» (1976թ.), «Խիղճը» (1981թ.), «Ցավ» (1978թ.), «Երկու կրակի մեջ» (1979թ.), «Սպիտակ մարաթոն» (1980թ., ռուսերեն), «Բաց նամակ նորապսակներին» (1980թ.), «Օջախ» (էսսե, 1981թ.), «Վերջին աղբյուրը» (նվիրված Սևանա լճի հիմնախնդիրին, 1983թ.), «Հաց» (1984թ., ռուսերեն), «Չգրված օրենք: Վեպ, վիպակներ և պատմվածքներ» (1986թ.), «Բարության ծառը» (ակնարկների, հոդվածների և նոթագրությունների ժողովածու, 1986թ.), «Տագնապ» (վիպակ, 1987թ.), «Վթար» (1988թ., ռուսերեն), «Հայկաշեն։ Հրապարակախոսություն» (1988թ.), «Թևեր» (վավերագրական վիպակ Նելսոն Ստեփանյանի մասին, 1988թ.), «Ճանապարհ» (հրապարակախոսական էսսե, 1989թ.), «Դիմակայում։ Աղետալի դեկտեմբերը» (1989թ.), «Դժոխք և դրախտ» (հուշեր, խոհեր, նոթեր Արցախյան ազատամարտի մասին, 1995թ.), «Անդունդ» (2004թ.), «Զիմ Կիլիկիա» (2004թ.) գրքերը: Նրա «Բաց նամակ նորապսակներին» գրքույկը տպագրվել է 15 լեզուներով: 1988թ. արժանացել է ՀՀ Պետական, ԽՍՀՄ լրագրողների միության Ն.Օստրովսկու անվան համամիութենական գրական մրցանակների, 1967թ.՝ ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչման, 2006թ.՝ «Արցախի հերոս» Արցախի բարձրագույն կոչման և «Ոսկե Արծիվ» շքանշանի, 2010թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի: