Zark Foundation

Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյան

Դերասան

7 մարտ, 1927 - 31 օգոստոս, 1988

Ծնվել է Թիֆլիսում: 1946թ. ավարտել է միջնակարգ դպրոցը և տեղափոխվել Երևան: 1950թ. ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1950-62թթ աշխատել է Երևաի Պատանի հանդիսատեսի թատրոնում, որտեղ խաղացել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում` Ն.Գոգոլի «Ռևիզորը» (Խլեստակով), Ա.Դյումայի «Երեք հրացանակիրները» (Ռիշել), Շիլլերի «Սեր և խարդավանք» (Ֆերդինանդ) և այլն: 1962թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Օժտված է եղել խարակտերային դերասանի ճկուն վարպետությամբ, անձնավորել է և՝ դրամատիկական, և՝ կատակերգական ու հատկապես տրագիկոմիկական կերպարներ: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Պեպո» (Գիքո), Սուխովո-Կոբիլինի «Դատական գործ» (Տարելկին), Ժ.Հարությունյանի «Խաչմերուկ» (Մուշեղ), Մ.Պանյոլի «Տոպազ» (Տոպազ) և այլն: Մի շարք դերերով հանդես է եկել նաև հեռուստաթատրոնում: Նկարահանվել է «Մանրուք» (1954թ.), «Կրակ» (1963թ.), «Ջրհորի մոտ» (1970թ.), «Տղամարդիկ» (1972թ.), «Համագյուղացիներ» (1974թ.), «Երբ գալիս է սեպտեմբերը» (1975թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976թ.), «Հուսո աստղ» (1976թ.) և այլ ֆիլմերում: 1961թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1978թ.` ժողովրդական արտիստի կոչման, 1979թ.` ՀՀ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում: Նրա անունով է կոչվում Երևանի դրամայի և կոմեդիայի թատրոնը: