Ծնվել է 1961թ. մայիսի 1-ին, Երևանում: 1978-83թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնում: 1989թ. համալսարանում «Վիգեն Խեչումյանի ստեղծագործությունը» թեմայով թեկնածուական է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 1991թ-ից հայոց լեզու և մշակույթի պատմություն է դասավանդել Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտում, ուր զբաղեցրել է դոցենտի պաշտոն: 2002թ-ից դասախոսում է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: 1991թ-ից «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիրն է: Նրա բանաստեղծությունները տպագրվել են հայաստանյան և արտասահմանյան մամուլում, ալմանախներում, տարեգրքերում: Հեղինակել է բազմաթիվ գրականագիտական, լեզվագիտական հոդվածներ: Լույս են տեսել նրա «Սերմաստղ» (1994թ.), «Մայրենու հրեշտակները» (1997թ.), «Մոմի կաթիլներ» (2001թ.), «Ծննդյան հեքիաթ» (մանկական, 2001թ.), «Երկրից հետո» (2002թ.), «Եղիշեի ակամա ընդդիմախոս եղիշեն» (գրականագիտական, 2002թ.), «Ծիծաղն ու իր բախտը» (մանկական, 2003թ.), «Թևավոր ծաղիկներ» (2004թ.), «Երկնքից առաջ» (2010թ.), «Հեքիաթ աղբյուրի ձայնի մասին» (2011թ.) և այլ գրքեր: Մշակույթի հայկական ֆոնդի, 2002թ-ից` Հայաստանի գրողների միության անդամ է: 1999թ. արժանացել է Մշակույթի հայկական ֆոնդի «Տարվա լավագույն բանաստեղծություն» մրցանակին, 2008թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: