Zark Foundation

Թաթուլ Ալթունյան

Թաթուլ Ալթունյան

Դիրիժոր

2 հոկտեմբեր, 1901 - 29 նոյեմբեր, 1973

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ադանա քաղաքում: Երևան է եկել 1915թ. գաղթի ժամանակ: 1928թ. ավարտել է Երևանի, 1934թ.` Լենինգրադի կոնսերվատորիաները, ստացել խմբավարի (դասատուներ՝ Ռոմանոս Մելիքյան, Սպիրիդոն Մելիքյան, Ալեքսանդր Եգորով) և հոբոյահարի (դասատուներ՝ Վիլհելմ Շպեռլինգ, Ֆ.Նեյման) որակավորում: 1934թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1971թ-ից՝ պրոֆեսոր): 1935-36թթ վերակազմել և ղեկավարել է Երևանի կոնսերվատորիայի երգեցիկ խումբը: Ղեկավարել է իր իսկ կազմակերպած Հայաստանի պետական երգչախումբը (1937-39թթ, 1947-49թթ), Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլը (1938-70թթ), Հայաստանի երգչախմբային ընկերության երգչախումբը (1966-69թթ): 1958-73թթ եղել է Հայաստանի երգչախմբային ընկերության նախագահը: Եղել է խմբերգային արվեստի վարպետ: Նրա ղեկավարությամբ են հնչել Կոմիտասի «Գարուն», «Կալի երգը», «Սոնա յար», «Լո, լո», «Անձրևն եկավ», «Քաղհան», Ք.Կարա-Մուրզայի «Գացեք, տեսեք», «Զինչ ու զինչ», Ռ.Մելիքյանի «Թխկոնդա», «Պիլիբի» երգերը, հայկական ժողովրդական երգերի բազմաթիվ մշակումներ, հայկական, ռուսական, արևմտաեվրոպական խմբերգային ստեղծագործություններ: Հայկական երգի-պարի անսամբլի համար մշակել է ժողովրդական ստեղծագործությանը էստրադային հնչողություն տալու ինքնատիպ ոճ, որով մատուցել է Կոմիտասի, Ռոմանոս Մելիքյանի և իր ձայնագրած ժողովրդական երգերը, պարեղանակները («Հոյ, իմ Նազանի յարը», «Նուբար, Նուբար», «Տոպինա», «Խամ բաջի», «Քա, դե եսիմ», «Չաման յար» և այլն) և աշուղական երգեր: Անսամբլի հետ համերգներով շրջագայել է ԽՍՀՄ-ում, Հունգարիայում, Ալբանիայում, Լիբանանում և այլուր: Հայկական գաղթավայրերում նպաստել է տեղի ինքնագործ խմբերի կատարողական վարպետության աճին: Հեղինակել է նաև «Սևանի», «Նազելի», «Նազպար», «Արտաշատի» և այլ պարեղանակներ: Եղել է Հայաստանի 5-7-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: 1945թ. արժանացել է Հայաստանի, 1965թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, 1950թ.` ԽՍՀՄ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում: Նրա անունով են կոչվել Կահիրեի, Բուենոս Այրեսի, Շումենի և հայկական այլ անսամբլներ, Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը (1974թ.):