Ծնվել է 1937թ. հունվարի 6-ին, Հայաստանի Բերքաբեր գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է շրջթերթում, «Գիտելիք» և գրքասերների ընկերություններում։ Ղեկավարել է Իջևանի Տ.Շևչենկոյի անվան գրական միավորումը, մարզային ուկրաինական համայնքը, հիմնադրել է «Գրական Իջևան» թերթը։ Նրա ստեղծագործությունները և թարգմանությունները տպագրվել են հանրապետական և արտերկրյա թերթերում, հանդեսներում, դասագրքերում։ Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, բուլղարերեն, էստոներեն։ Նրա թարգմանությամբ հայ ընթերցողին են ներկայացվել ուկրաինացի գրողների (Տ.Շևչենկո, Ի.Ֆրանկո) ստեղծագործությունները։ 2004թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Անդամակցում է նաև Հայաստանի ժուռնալիստների միությանը։ Հեղինակել է շուրջ 15 գիրք։ Հրատարակվել են նրա «Գրիբոյեդովը և Հայաստանը» (պատմական ակնարկ, 1976թ., 2004թ.), «Երազների հովիտ» (1990թ.), «Հեռացող կարոտ» (1994թ.), «Արյան կանչը» (բանաստեղծություններ, 1998թ.), «Հայրենականչ» (2004թ.) գրքերը: