Zark Foundation

Թորոս Տարոնացի

Թորոս Տարոնացի

Մանրանկարիչ

14-րդ դար

Ծնվել է Տարոնի Մուշ քաղաքում: Եղել է 14-րդ դարի 1-ին կեսի Գլաձորի մանրանկարչության դպրոցի խոշոր ներկայացուցիչ: Նրան երբեմն Մշեցի են անվանել: Հայրը եղել է Սարգիս քահանան, մայրը՝ Մարիամը: Սովորել է Գլաձորում, Եսայի Նչեցումոտ: Հայտնի են նրա ընդօրինակած և ծաղկած 19 ձեռագիր, որոնցից ինը պահվում է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում: Մեզ հայտնի նրա առաջին ձեռագիրը «Եսայի ՆչեցուԱվետարանն» է (1307թ., Վենետիկի Սբ. Ղազար վանք), որը ուսումնասիրել է Սիրարփի Տեր-Ներսեսյանը: Գործունեությունը մոտ 40 տարի է տևել: Վերջին անգամ անունը հանդիպում է 1346թ., նրա ծաղկած ժողովածուում: Լավագույն ստեղծագործություններից է «Եսայի ՆչեցուԱստվածաշնչի» (1318թ., Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան) նկարազարդումը, որը պարունակում է 11 թեմատիկ մանրանկարներ, 4 ավետարանիչների պատկերներ և գրեթե յուրաքանչյուր էջում՝ զարդանկարներ: Լուսանցազարդերը մեծ մասամբ կազմված են բուսական մոտիվներից: Գլխագրերը բազմազան են: Թերթերի կոմպոզիցիոն կառույցը մոնումենտալ տպավորություն է թողնում: Գունային գամմայում իշխում են կապույտը, կարմիրը, մանուշակագույնը՝ ոսկու առատ օգտագործմամբ: Ձեռագրում վեց խորաններ են, յուրաքանչյուր երկուսը՝ սիմետրիկ: Բյուգանդական մանրանկարչության սկզբունքների որոշ առկայությամբ հանդերձ, ազգային վաղեմի ավանդույթները հաստատուն տեղ են գրավում նրա արվեստում: Նկատելի է ժողովրդական արվեստի հնարքների օգտագործումը: Հորինվածքները պարզ են՝ գրեթե միշտ կառուցված համաչափ ուրվանկարով: Առանձին կենդանությամբ է պատկերել Տիրամորն ու մանկանը (մուծելով կենցաղային մոտիվներ), նվագող Դավիթ մարգարեին, միջնադարյան մտածող Եսայի Նչեցուն: Առավել արտահայտիչ է նրա ծաղկած ձեռագրերի զարդարվեստը (Մեծ Հայքի և Կիլիկիայի զարդարվեստի յուրահատուկ սինթեզ):