Zark Foundation

Ժակ Իխմալյան

Ժակ Իխմալյան

Գեղանկարիչ, լրագրող

30 հունիս, 1922 - 1 ապրիլ, 1978

Ծնվել է Կոստանդնուպոլսում: 1929թ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետև մասնավոր ֆրանսիական կաթոլիկ լիցեյում: 1936թ. նկարչություն է սովորել թուրք նկարիչ Աբիդինա Դինոյի մոտ: 1939թ. մասնակցություն է ունեցել հեղափոխական աշխատանքներին, դարձել ԹԿԿ անդամ: 1942թ. ընդունվել է Ստամբուլի գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետ: Չորսամյա դասընթացը ավարտել է երկու տարում: 1944թ. համայնավարական հայացքների, քաղաքական գործունեության համար հալածվել և բանտարկվել է, ապա տարագրվել: 1949թ. արտագաղթել է Սիրիա, ապրել նաև Լիբանանում: 1956թ. ընտանիքով տեղափոխվել է Լեհաստան, աշխատել մուլտֆիլմերի ստուդիայում: 1959թ. տեղափոխվել է Չինաստան, բնակվել և ստեղծագործել է Պեկինում, զբաղվել լրագրողական գործունեությամբ: 1961թ. տեղափոխվել է Մոսկվա և որպես խմբագիր-ստիլիստ աշխատել է ռադիոյում: 1963թ. թուրքերեն է դասավանդել Մոսկվայի արևելյան լեզուների ինստիտուտում: Որպես լրագրող աշխատել է նաև Լեհաստանում, Թուրքիայում, Սիրիայում և այլ երկրներում: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում (1968թ., 1969թ., 1973թ., 2013թ.-հետմահու), Վիլնյուսում (1974թ.), Տարտուում (1978թ.), Ստամբուլում (2013թ., հետմահու): Նկարել է գերազանցապես արևելյան տիպեր և բնական տեսարաններ՝ Լիբանանից, Թուրքիայից, Սիրիայից: Նկարազարդել է Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպը: Լավագույն գործերից են՝ Նիկոլայ Գոգոլի, Վիկտոր Հյուգոյի, Շ.Պետեֆիի և այլ դիմանակարներ: 1974թ-ից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ: Զբաղվել է նաև կահույքի գեղանկարչությամբ, ձևավորել է մանկական սենյակներ: Ֆրանսիացի նկարիչ Սիմոն Բալտոկսոյի հետ կատարել է Բեյրութի օդանավակայանի մեծ դահլիճի որմնանկարը «ժողովուրդների բարեկամության» թեմայով: Մահացել է Մոսկվայում, թաղված է Երևանում: