Zark Foundation

Ժիրայր Բաբազյան

Ժիրայր Բաբազյան

Դերասան, բեմադրիչ, թարգմանիչ

Ծնվել է 1952թ. հունիսի 30-ին, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: Ավարտել է Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանը և Նիկոսիայի Մելքոնյան կրթական ինստիտուտը, ապա՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը՝ Մարատ Մարինոսյանի արվեստանոցը: Երևանի հեռուստաթատրոնում, որպես դիպլոմային աշխատանք, բեմադրել է Բ.Շոուի «Ճակատագրի ընտրյալը», որտեղ գլխավոր դերերում խաղացել են Գուժ Մանուկյանն ու Վիոլետա Գևորգյանը: Հետագայում սովորել է նաև Լոս Անջելեսի «Լի Սթրասբերգի» և Լոնդոնի «Սիթի լիթ» ստուդիաներում։ Խաղացել է ավելի քան 150 ներկայացումներում, նկարհանվել է մոտ 30 ֆիլմերում։ Երկու անգամ դարձել է Լոս Անջելեսի Քալիֆորնիայի «Դրամա-Լոգ»-ի մրցանակակիր՝ որպես լավագույն դերասան։ 1981-82թթ իր թարգմանությամբ առաջին անգամ անգլերեն լեզվով բեմադրել է Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերան ԱՄՆ-ի Միչիգանի օպերային թատրոնում, որն արժանացել է թատերաշրջանի «Լավագույն ներկայացում» անվանակարգին: 1980-90թթ աշխատել է Հոլիվուդում: Փարիզի «Firmin Gemier» և «Déjazet» թատրոններում, ֆրանսերեն լեզվով թարգմանել ու բեմադրել է Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» պիեսը, ֆրանսիացի արտիստների մասնակցությամբ: 1986թ. բեմադրել է «Կայան Արարատյան» գրական-թատերական կոմպոզիցիան, որտեղ խաղացել են ինքը և Նորա Արմանին: Նրանք հայկական պոեզիայի միջոցով ներկայացրել են հայ ժողովրդի պատմությունը անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, որը խաղացվել է աշխարհի տարբեր երկրներում: Ներկայացումը մասնակցել է միջազգային փառատոների, արժանացել մրցանակների: 1990թ. հաստատվել է Ֆրանսիայում, որտեղ 1997թ. հիմնել է «Տիգրան Չուխաճյան» հետազոտական կենտրոնը: Կենտրոնում երաժշտագետ Հայկ Ավագյանի հետ վերծանել ու խմբագրել է Տիգրան Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» օպերայի իտալերեն բնագիրը, որը 1868թ. օպերայի ստեղծումից ի վեր, առաջին անգամ է հրատարակվել (2000թ.): Հրատարակության շնորհիվ, Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնում նրա հայերեն թարգմանութեամբ, 2001թ. բեմադրվել է «Արշակ Երկրորդ» օպերայի բնագիրը: 2001թ. կրկին Միչիգանի օպերային թատրոնում բեմադրել է Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ Հասմիկ Պապյանի և Ալին Քութանի մասնակցությամբ: 2010թ. որպես լավագույն դերասան նոմինացվել է Ֆանսիայի թատերական մրցույթում, իր մարմնավորած Սանչո Պանսայի դերի համար, Իրինա Բրուքի «Ինչ-որ մի տեղ, Լա Մանչայում» բեմադրությունում: 2010թ., 2013թ. և 2015թ. ֆրանսերեն լեզվով Փարիզում և Մարսելի Օդեոնի ազգային թատրոնում բեմադրել է Տ.Չուխաճյանի «Կարինե» օպերա-բուֆֆաի ամբողջական տարբերակի ներկայացումները: 2015թ. «Կարինե»-ն բեմադրել է նաև Լոնդոնում: 2016թ. Երևանի Ս.Սարգսյանի անվան համազգային թատրոնում բեմադրել է Ս.Գիթրիի «Արի երազենք» պիեսը: 2017թ. Երևանի Հ.Մալյանի անվան թատրոնում բեմադրել է Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն նորե՞ն» ներկայացումը: 2018թ. Երևանի Ա.Սպենդիարանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրել է «Կարինե»-ն, առաջին անգամ հնչել է Չուխաճյանի ամբողջական բնագիր պարտիտուրան, որը նա հայտնաբերել է Փարիզի մոռացված արխիվներից մեկում: 2019թ. Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնում բեմադրել է Ա.Էյքբորնի « Ննջասենյակային զավեշտ» պիեսը, իսկ 2023թ. Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ Պ.Կոռնելի «Սիդ»-ը: Թատրոնում խաղացած ներկայացումներից են՝ «Ինչ-որ տեղ, Լա Մանչայում», «Ամառային գիշերվա երազ», «Սեթշուանի բարի մարդը», «Հուլիոս Կեսարը Եգիպտոսում» (օպերա), ֆրանսիական թատրոնում՝ Մոլիերի «Սկապենի խարդախությունները», Ժյուլ Վերնի «Աշխարհի շուրջ 80 օր», Ն.Գոգլի «Ռևիզոր», Սիլվեն Բեմբայի «Ընդատված վալս», Չեխովի «Արջը», «Առաջարկություն», «Կարապի երգը», Վ.Շեքսպիրի «Սիրո զուր ջանքեր», «Ամառային գիշերվա երազ», «Ձմեռային հեքիաթ», «Չափն ընդեմ չափի», ամերիկյան թատրոնում՝ Կաֆկայի «Դատավարություն», Ա.Չեխովի «Բալենու այգին», Վ.Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ», Մաստրոսիմոնեի «Նանաուաթայ», Մարիվոյի «Սիրո և բախտի խաղ» և այլն: Պոլսահայ թատրոնի պատմություն է դասավանդել Վենետիկի և Միչիգանի համալսարաններում, Լա Վերնի քոլեջում և անցկացրել է բազմաթիվ վարպետության դասեր և թոք-շոուներ: Աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որտեղ ավարտական կուրսի դիպլոմային ուսանողների համար բեմադրել է Վ.Շեքսպիրի «Տասերկուերորդ գիշեր» (2021թ․), Կասոնայի «Առնաց ձկնորսի նավակը» (2022թ․) և Մոլիերի «Կանանց դպրոց» (2023թ.) պիեսները: Նկարահանվել է հոլիվուդյան Ռոկկի Լանգիի «Ներվային տիկեր», Գարի Շերմանի «Որոնում են կենդանի, թե մեռած», ֆրանսիական Ռոբեր Գեդիկյանի «Խենթի պատմություն», Էռնեստո Օնայի «Մուհամեդ Դյուբուա», Ժան Մաշի «Ութերորդ հրաշալիքների երկիր», Ռոբերտ Քեշեշյանի «Արամ», հայկական Դավիթ Բաբախանյանի «Ռոզալի», Սերժ Գաբյանի «ՕԹԹԿ», Միքայել Պողոսյանի «Հայ Հայը», Հարություն Խաչատրյանի «Վերջին կայան» ֆիլմերում, հոլիվուդյան «Կագնի և Լեյսի», «Մաք Գայվր», «Ռիք Հանթեր», ֆրանսիական «Ֆրանսիական գաղտնի ծառայություն», «Բրակո», «Գաղտնաբառ՝ DP», «Ամեն ինչ ուրախ լինելու համար», «Ֆրանսիական երազանքներ» սերիալներում: Անգլերենից և ֆրանսերենից հայերեն է թարգմանել ավելի քան հիսուն ստեղծագործություն: Փարիզի Իրինա Բրուքի թատերական ընկերության հիմնադիր անդամ է։ Հարավային Քալիֆորնիայի Կինոխորհրդի կողմից ստացել է «Ոսկե աստղ լուսապսակ» մրցանակ: Արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, ՀԳՄ Վահան Թեքեյանի անվան մրցանակի։