Zark Foundation

Լեոնիդ Ենգիբարյան

Լեոնիդ Ենգիբարյան

Դերասան, կրկեսի արտիստ

15 մարտ, 1935 - 25 հուլիս, 1972

Ծնվել է Մոսկվայում: 1953-55թթ սովորել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում, զբաղվել է բռնցքամարտով, ստացել 1-ին կարգ: 1959թ. ավարտել է Մոսկվայի կրկեսային և էստրադային արվեստի պետական ուսումնարանը և եղել հայկական կրկեսի կոլեկտիվի արտիստ: 1971թ. ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոն` սկզբնավորելով ինքնատիպ, նոր` «ենգիբարյանական ուղղությունը»: Խաղացած լավագույն ներկայացումներից են` «Աստղային անձրևը», «Ծաղրածուի տարօրինակությունները» և այլն: Ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարաններ, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում՝ «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջն ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց», «Ջութակ», «Լույս և ստվեր», «Մարդ, որի հետ պատերազմել եմ», «Տոտալ զորահավաք», «Մանկան կյանքը», «Օլիմպիական մեդալներ» և այլ մանրապատումներ: 1956թ-ից նկարահանվել է ֆիլմերում` «Կոմունիստ» (1958թ.), «Ճանապարհ դեպի կրկես» (1963թ.), «Մոռացված նախնիների ստվերները» (1964թ.), «Մանեժում պատանեկությունն է», «Այբոլիտ-66» (1967թ.), «Զարդեր իմ սիրելիի համար» (1972թ.) և այլն: Գրել է «Առաջին ռաունդ» (1971թ.), «Վերջին ռաունդ» (1984թ.) գրքերը: 1964թ. Պրահայի ծաղրածուների մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի: Հյուրախաղերով հանդես է եկել արտերկրում: Նրա գործունեությանն են նվիրվել «Ծանոթացեք, Լեոնիդ Ենգիբարովն է», «2-Լեոնիդ-2» կինոնկարները: 1971թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում: 1972թ. Երևանում ստեղծվել է Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիան, կրկեսի շենքի առջև կանգնեցվել է նրա հուշարձանը: