Zark Foundation

Լին Դուրյան

Լին Դուրյան

Օպերային երգչուհի

29 հունիս, 1933 - 17 մայիս, 2014

Արփինե-Ժոսլին Տիրատուրյան
Ծնվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Սովորել է Լիոնի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում։ 1957թ. տեղափոխվել է Փարիզ, որտեղ հաճախել է երգեցողության դասերի ժամանակի մեծ երգչուհի Սյուզան Բոմոնի մոտ: «Կոնցեր մյուզիգրեն» խմբի հետ ելույթներ ունեցել Հոլանդիայում, Բելգիայում։ 1953թ. ընդունվել է Փարիզի «Գրանդ օպերայի» երգչախումբ։ 1960-70-ական թվականներին հանդիսացել է Փարիզի Գրանդ Օպերայի առաջնակարգ երգչուհիներից մեկը՝ կատարելով մեցցո-սոպրանոյի երկացանկի մեծ դերերգերը: Հատկապես նշանավոր են նրա Էբոլին, Ամներիսը, Ազուչենան Ջ.Վերդիի «Դոն Կարլոս», «Աիդա» և «Տրուբադուր» օպերաներում, Սանտուցցան Պ.Մասկանիի «Գեղջկական ասպետություն»-ում, Վեներան և Ֆրիկան Ռ.Վագների «Տանհոյզեր» և «Վալկիրիա» օպերաներում, Կարմենը Ժ.Բիզեի «Կարմեն»-ում, Մարգարիտը Հ.Բեռլիոզի «Ֆաուստի դատապարտումը» օպերայում, Շարլոտը Ժ.Մասնեի «Վերթեր»-ում, Ադալջիզան Վ.Բելլինիի «Նորմա» օպերայում: Երգել է աշխարհի բազմաթիվ մեծ թատրոններում, նշանավոր երգիչների՝ Մարիա Կալլասի, Լեոնտին Պրայսի, Մարտինա Արրոիոյի, Նիկոլայ Գյաուրովի, Բորիս Խրիստովի, Ջոն Վիկերսի, Ժոզե Վան-Դամի, Ռոբերտ Մերիլլի հետ: Երգչուհու ձայնը առանձնացել է իր հզորությամբ, թավշյա տեմբրով և բացառիկ երաժշտականությամբ: 1966թ. արժանացել է «Ֆիլիպս»-ի մեծ մրցանակին՝ մեցցո-սոպրանոյի երկացանկի օպերային արիաների լավագույն ձայնագրության համար: Հայաստանում առաջին անգամ ելույթներ է ունեցել 1972թ., «Գոսկոնցերտ»-ի հրավերով՝ հանդես գալով Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերային թատրոնում Ամներեսի, Էբոլիի և Ազուչենայի դերերով (Վերդի «Աիդա», «Դոն Կարլոս», «Տրուբադուր»), ինչպես նաև մենահամերգով, այնուհետև՝ Օդեսայում և Լենինգրադում: Հյուրախաղերով եղել է Անգլիայում, Իտալիայում, Գերմանիայում, Արգենաինայում և այլուր: Իր մենահամերգներում եվրոպական դասական կոմպոզիտորների ստեղծագործությունների կողքին օտար հանդիսատեսին մշտապես ներկայացրել է Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Գրիգոր Սյունու, Ռոմանոս Մելիքյանի, Մակար Եկմալյանի և այլ հայ կոմպոզիտորների երգերն ու ռոմանսները: 23 տարի դասավանդել է Ֆրանսիայի Բուլոնյ-սյուր-Մեր քաղաքի կոնսերվատորիայում: 2003-08թթ ամեն տարի եկել է Հայաստան, տվել բարեգործական համերգներ Երևանում և Արցախում, անց է կացրել երգեցողության վարպետության դասեր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում: 2007թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: Մահացել է Փարիզում: