Zark Foundation

Լյուդվիգ Կարապետյան

Լյուդվիգ Կարապետյան

Գրականագետ

Ծնվել է 1939թ. հուլիսի 4-ին, ՀՀ Արթիկի շրջանի Հնաբերդ գյուղում (այժմ` Արագածոտնի մարզում): Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1976թ.` Մոսկվայի ԽՄԿԿ կենտկոմին կից հեռակա բարձրագույն դպրոցի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Աշխատել է հանրապետության պարբերական մամուլում` վարելով պատասխանատու պաշտոններ («Դպրություն», «Հանդիպում», «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում», «Պիոներ կանչ», «Հայաստան»): Դասախոսել է Երևանի պետական և «Հրաչյա Աճառյան» համալսարանների ժուռնալիսիտիկայի ֆակուլտետներում: Վերջինում եղել է ամբիոնի վարիչը (2001թ-ից` պրոֆեսոր): Երևանի «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի պրոռեկտորն է, լրագրության, լեզվի և գրականության ամբիոնի վարիչը, Հայաստանի ժուռնալիստների միության, ռազմածովագիրների միջազգային ասոցիացիայի, 1984թ-ից` Հայաստանի գրողների միության անդամ է: Եղել է Հայաստանի մանկավարժական ընկերության նախագահության, լուսավորության նախարարության կոլեգիայի, ՀՀ նախարարների խորհրդին առընթեր Տերմինաբանական խորհրդի անդամ: Հեղինակել է շուրջ 50 գիրք, բազմաթիվ գրականագիտական ակնարկներ, հրապարակախոսական հոդվածներ: Հրատարակվել են նրա «Դասը վարում է գրողը» (4 պրակով, գրական-կենսամատենագիտական ակնարկներ, գրողների դիմանկարի էսքիզներ, 2002-06թթ), «Ոսկեդարից» մինչև... 21-րդ» (երկու գրքով, հայ մանկապատանեկան գրականության պատմության ուրվագծեր, 2008-09թթ), «Ճանապարհորդություն մանկության մոլորակում» (2013թ.), «Արևմտահայ մանկապատանեկան գրականություն» (պատմության ուրվագիծ, քրեստոմատիկ նյութեր, 2013թ.), «Սփյուռքահայ մանկապատանեկան գրականություն» (պատմության ուրվագիծ, քրեստոմատիկ նյութեր, 2013թ.) գրքերը: 1974թ. արժանացել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրի, 1981թ.` «Աշխատանքային վետերան», 1989թ.` Հայաստանի լուսավորության նախարարության «Խաչատուր Աբովյան» մեդալների: 2004թ. «Դասը վարում է գրողը» գրքի համար արժանացել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի, 2009թ.՝ ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության ու գիտության նախարարությունների ոսկե մեդալների, 2010թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։