Zark Foundation

Լևոն Մկրտչյան

Լևոն Մկրտչյան

Գրականագետ

2 մարտ, 1933 - 21 օգոստոս, 2001

Ծնվել է Ախալցխա քաղաքում: 1952-54թթ ուսանել է Բաթումի ծովագնացության ուսումնարանում: 1958թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը: 1963թ. պաշտպանել է թեկնածուական, 1970թ.` դոկտորական ատենախոսություն (1973թ-ից՝ պրոֆեսոր): Մինչև 1977թ. ղեկավարել է ռուս լեզվաբանության և թարգմանության տեսության, այնուհետև` ռուս գրականության ամբիոնը: 1980-98թթ եղել է ռուս բանասիրության ֆակուլտետի դեկանը, 1998թ. նշանակվել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր: Ռուսերեն հրատարակել է ինչպես հայ միջնադարյան բանաստեղծներ Գրիգոր Նարեկցու, Նահապետ Քուչակի, Կոստանդին Երզնկացու, Դավթակ Քերթողի առանձին ժողովածուները, այնպես էլ անթոլոգիաներ` հանգամանալից առաջաբաններով, ծանոթագրություններով, երբեմն` նաև տողացի թարգմանություններով: 1982թ. ռուսերեն հրատարակել է «Սասունցի Դավիթ» էպոսը, նոր, ավելի կատարյալ թարգմանություններով ռուս ընթերցողին ներկայացրել 19-20-րդ դարերի հայ դասական և ժամանակակից բանաստեղծների (Հ.Թումանյան, Ա.Իսահակյան, Հ.Սահյան և այլն), ինչպես նաև հայերեն հրատարակել ռուս գրողների (Վ.Զվյագինցևա, Ն.Տիխոնով, Ա.Գիտովիչ, Ս.Շերվինսկի, Ե.Նիկոլաևսկայա, Մ.Պետրովիխ և այլք) երկերը: Նրա հարուստ ժառանգության մաս են կազմում 20-րդ դարի հայ և ռուս գրականության և արվեստի գործիչներից շատերի մասին նրա հուշագրությունները: Նրա նախաձեռնությամբ հանրապետությունում վերականգնվել է Թարգմանչաց տոնը: 1965թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Պատրաստել է թարգմանության տեսության բնագավառի բազմաթիվ մասնագետներ, եղել է մի շարք ասպիրանտների ու հայցորդների գիտական ղեկավարը: 1983թ. հայ միջնադարյան գրականության ուսումնասիրությանն ու պրոպագանդմանը նվիրված նրա աշխատություններն արժանացել են ՀՀ Պետական մրցանակի: 1979թ. պարգևատրվել է «Աշխատանքի վետերան» մեդալով, 1980թ.` ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով: 1981թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: