Հանրագիտարան
ԽԱՉԱՏՈՒՐ ԿԵՉԱՌԵՑԻ
Բանաստեղծ, մշակութային գործիչ
Եղել է Կեչառույքի (ՀՀ Ծաղկաձոր քաղաքում) միաբանության վանահայր, հայ ազգային ավանդների ջատագով ու պաշտպան՝ մոնղոլական արշավանքների շրջանում: Սերել է Խաղբակյան-Պռոշյան իշխանական տոհմից: Սերտ առնչություն է ունեցել Գլաձորի և Տաթևի համալսարանների հետ: Մասնակցել է դավանական վեճերին՝ հանուն Հայ եկեղեցու ինքին, ի թիվս իր ժամանակի նշանավոր իշխանների և հոգևորականների, ստորագրել է Գրիգոր Է Անավարզեցի կաթողիկոսին ուղարկված՝ Ստեփանոս Օրբելյանի կազմած հակաունիթորական «Թղթի» տակ: 1299թ. Ստեփանոս Օրբելյանին պատվիրել է գրել հայտնի «Ողբք եւ հառաչանք ի դիմաց մերոյ սրբոյ աթոռոյն Էջմիածնի» քերթվածը: Այն կրում է Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսիոյ» բանաստեղծութեան ազդեցությունը ոչ միայն մտահղացմամբ, այլև պոետիկական առանձնահատկություններով, զգալի է աղերսը Երգ երգոցի հետ: Հեղինակ է քնարական բանաստեղծությունների, նշանավոր պատմաքաղաքական «Վասն աւերման տանս արևելեան» ողբի, հոգևոր մի շարք երգերի, ինչպես նաև «Վասն գալստեան մոգուցն» պարականոն զրույցի: Նրա գրական ժառանգության ուշագրավ գործերից է Կեղծ Կալիսթենեսին վերագրված՝ Ալեքսանդր Մակեդոնացու պատմության յուրօրինակ մշակումն ու գեղարվեստական հարստացումը. գրել է նախաբան, վերջաբան, բարառնություններ, հորինել պատմության որոշակի հատվածները եզրափակող կաֆաներ ժամանակի խոսակցական լեզվով, մատչելի շարադրանքով: Փորձել է Ալեքսանդր Մակեդոնացու կերպարը հարմարեցնել միջնադարյան քրիստոնեական ժամանակներին՝ զուգահեռներ անցկացնելով Ալեքսանդրի և Քրիստոսի կյանքի և գործունեության գլխավոր դեպքերի միջև: Նրա բանաստեղծական ժառանգությունը մեծ չէ, բայց բազմաբովանդակ է: Ձեռագրերում պահպանված «Վասն աւերման տանս արևելեան» պոեմատիպ ողբը ժամանակի հրատապ հարցերի արձագանքն է: Բանաստեղծի մյուս ստեղծագործությունները նույնպես ժամանակի արձագանքն են, որոնց մեջ առավել ցայտուն են արտահայտված հեղինակի անձնական ապրումներն ու խոհերը: Նրան հատուկ է խոսքի հակիրճությունն ու որոշակիությունը: Խորհում է աշխարհի ունայնության և վերջին դատաստանի մասին, անդրադառնում հոգու և մարմնի պայքարին, կյանքում մարդու անելիքին, խրատներ տալիս: Սակայն նրա խրատները ոչ միայն ժամանակի ըմբռնումներից բխող, քրիստոնեական բարոյախոսությամբ ներծծված քարոզներ են, այլև առօրեական, կենցաղային առնչություններում անհրաժեշտ մարդկային խորհուրդներ: Նրան բնորոշ են գեղարվեստական պատկերավորման հետաքրքրական ու զուսպ հնարանքները, միջին հայերենի մտածված օգտագործումը, հայրենների տաղաչափության կիրառումը: Միջնադարյան շատ բանաստեղծների նման նրան նույնպես հատուկ է «հողեղեն մարդու» անկատարության ողբերգությունը: Հին և նոր մտայնությունների մի յուրօրինակ շաղախ է «Աղեքսանդրի պատմության» վրա կատարած նրա աշխատանքը, որն արտահայտությունն է ժամանակի քաղաքական նկրտումների, երկրի անկախության գաղափարի և «պսակավոր արքայի» գեղագիտական իդեալի: Վարդի և բլբուլի այլաբանական սիրավեպի իր մշակմամբ առաջիններից էր, որ գարնան զարթոնքի պատկերով երգել է Հիսուսին: Նրա «Ի գնալն վարդին եկեալ պուլպուլին» տաղի բովանդակությունը կրկնվել է Գրիգորիս Աղթամարցու «Յետ գնալոյ վարդին եկ պլպուլն յայգին» քերթվածում: Առասպելական հատկանիշներով օժտված Ալեքսանդր Մակենդոնացին թերևս ամենահարմար կերպարն էր նշված խնդիրների արծարծման համար: Սրանց արտահայտությունն են նաև «Աղեքսանդրի պատմության» հարստությունը ներկայացնող նրա չափական դրվագները, որ քառյակատիպ կաֆաների ձևով տեղադրվել են արձակ պատմության մեջ: Ի տարբերություն միջնադարում տարածված գերազանցապես խոհախրատական բնույթի կաֆաների, այս ոտանավոր-շարքը պահպանում է պատմության սյուժետային գիծը: Նրա բանաստեղծությունները քնարական են, անմիջական, նրանց բնորոշ է ժողովրդական պարզ մտածողությունն ու տաղաչափությունը: Մարդկային մեղքի ծանրության գիտակցումը բանաստեղծական ուշագրավ դրսևորում է ստացել «Ես եմ կորուսեալ ոչխար» սկսվածքով քերթվածում, որտեղ նշմարվում է մաշտոցյան ապաշխարության շարականների ազդեցությունը: Հեղինակի տաղերում առկա են աստվածաշնչյան մոտիվներ: Նրա որոշ բանաստեղծություններ հայ փիլիսոփայական քնարերգության ինքնատիպ էջերից են, որոնցում երևակվում է հեղինակի ծանոթությունը պարականոն զրույցներին, հայկական և հունական փիլիսոփայությանը: Հոգու և մարմնի վիճաբանություն է «Հոգիս դատախազ լինի մարմնոյս» բանաստեղծությունը, որտեղ հոգին դատախազ է դառնում և դատում մարմնի մեղքերը: Ժողովրդական ասացվածքների հավաքածու է «Այս կեանքս է յերազ նման եւ խաբող անզերծ յանդիման» սկսվածքով քերթվածը: Գրել է «Ծննդեան» երկու տաղ՝ այբուբենի տառերի հերթագայությամբ, ինչպես նաև տաղ Հիսուսի խաչելության մասին, արձակ մի գործ՝ «Վասն գալստեան մոգուց» պարականոն զրույցը, որտեղ ներկայացված է Քրիստոսի ծնունդը, մոգերի գալը նախ Եգիպտոս, ապա Բեթղեհեմ՝ Քրիստոսի ծննդավայրը: Մահացել է Կեչառույքի (այժմ՝ Կեչառիս, ՀՀ Ծաղկաձոր քաղաքում) վանքում: