Հանրագիտարան
ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՊԵՏ
Բանահավաք, բանասեր, հնագետ
Ծնվել է Վարանդայի գավառի Զարդարաշեն կամ Վերին Թառավարդ գյուղում (այժմ՝ Արցախում): 1881թ. ավարտել է Շուշիի թեմական դպրոցը և ուսուցչավարել է Շուշիում ու Խանքենդում: 1888թ. կուսակրոն ձեռնադրվելով՝ հոգևոր ծառայություն է կատարել Ամարասի Սբ. Գրիգորիս և Մեծառանք գավառի եպիսկոպոսանիստ Սբ. Հակոբի վանքերում: Այդ ընթացքում պեղել է Առաջաձոր ու Քոլատակ գյուղերի մոտակայքում եղած դամբարանաբլուրները և հետազոտել Կաչաղակաբերդը: Միաժամանակ հավաքել է Լեռնային Ղարաբաղի ու հարևան մյուս հայկական շրջանների հոգևոր կենտրոններում ու մասնավոր անձանց մոտ գտնվող հնություններ, ձեռագրեր ու պատառիկներ, ընդօրինակել վիմական արձանագրություններ: 1894թ. դառնալով Էջմիածնի վանքի վարդապետ՝ դրանք հանձնել է նրա մատենադարանին: 1898թ. նշանակվելով պարսկահայության հոգևոր առաջնորդի փոխանորդը Սալմաստում՝ շրջագայել է Պարսկաստանի հայաբնակ վայրերը, հավաքել և Էջմիածնի տնօրինությանը հանձնել հայերեն և այլալեզու բազմաթիվ ձեռագրեր, վավերագրեր, հնագիտական նյութեր ու այլազան արժեքներ (պահվում են Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում, Հայաստանի պատմության թանգարանում, ՀՀ պետական արխիվում և այլն): Ռուսական կայսերական հնագիտական հանձնաժողովի թույլտվությամբ և Հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան Հայրիկ) հովանավորությամբ 1900-04թթ պեղել է Զվարթնոցը (այս գործում նրան մեծապես օգնել է պեղումների վերակացու Ե.Հարությունյանը): Հողի երես հանելով հայ ճարտարապետության այդ անկրկնելի կոթողի բեկորները՝ փաստորեն դրել է հուշարձանի ուսումնասիրման հիմքը: Պեղումներ է կատարել նաև Դվինում և Արմավիրում (վերջինում հայտնաբերել է 28-տողանի ուրարտական արձանագրություն): Զբաղվել է նաև հայ բանահյուսության նմուշների հավաքմամբ ու հետազոտմամբ, պատմական հուշարձանների նկարագրությամբ, մատենագրական երկերի, պատմական փաստերի ու երևույթների աղբյուրագիտական քննությամբ: Հետազոտությունների արդյունքների մի մասը հրապարակել է ժամանակի պարբերականներում (մնացածներն անտիպ վիճակում պահվում են Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում): Մահացել է էջմիածնում: