Zark Foundation

Խորեն Աբրահամյան

Խորեն Աբրահամյան

Դերասան

1 ապրիլ, 1930 - 10 դեկտեմբեր, 2004

Ծնվել է Երևանում: Եղել է դերասանուհի Լուսյա Հովհաննիսյանի ամուսինը: 1951թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը և աշխատանքի անցել Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 1979-84թթ եղել է թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988-95թթ` գեղարվեստական ղեկավարը, միաժամանակ` Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահը: 1985-88թթ եղել է Լենինականի պետական թատրոնի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն) դերասան և գլխավոր ռեժիսորը: 1980-95թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Թատրոնում կերտել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Ռուստամ), Գ.Բորյանի «Կամրջի վրա» (Արմեն), Ա.Արաքսմանյանի «60 տարի, երեք ժամ» (Արամ), Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ» (Արա), Զ.Դարյանի «Հանրապետության նախագահը» (Մյասնիկյան), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Պեպո), Վ.Շեքսպիրի «Կորիոլան» (Կորիոլան), «Օթելլո» (Օթելլո), Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն» (Ավետյան), «Ավերված քաղաքի առասպելը» (Արշակ թագավոր), Վ.Փափազյանի «Ժայռ» (Ալեքսանդր), Յավորովի «Վիտոշի փեշերին» (Դրագադանօղլու) և այլն: Հայկական մի քանի լավագույն կինոնկարների հաջողությունները պայմանավորված են նրա դերակատարումներով` «Առաջին սիրո երգը» (Արսեն, 1958), «Սարոյան եղբայրներ» (Գևորգ, 1968թ.), «Տերը» (Ռոստոմ, 1968թ.), «Մենք ենք, մեր սարերը» (Պավլե, 1969թ.), «Երևանյան օրերի խրոնիկա» (Արմեն, 1972թ.), «Երկունք» (Մյասնիկյան, 1977թ.), «Հուսո աստղ» (Տեր-Ավետիս, 1978թ.), «Ապրեցեք երկար» (Սիսակյան, 1979թ.) և այլն: Նկարահանվել է նաև «Մոսֆիլմ» կինոստուդիայի կինոնկարներում` «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»: Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրել է Ն.Զարյանի«Հացավան», Վ.Շեքսպիրի «Ջոն արքա», Գյումրիի թատրոնում` Ա.Քալանթարյանի«Թիկունք», Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (նաև եղել է Կորրադոյի դերակատարը) ստեղծագործությունները: 2000թ. բեմադրել է Պ.Զեյթունցյանի «Խոր Վիրապ» պիեսը: Մասնակցել է նաև բազմաթիվ ռադիո և հեռուստաբեմադրությունների` Մ.Պանյոլի «Տոպազ», Ն.Զարյանի «Փորձադաշտ» և այլն: Հայտնի էր նաև որպես ասմունքող: Արժանացել է մի շարք պարգևների ու մրցանակների, 1970թ.` ՀՀ Պետական մրցանակի, 1961թ.` Հայաստանի վաստակավոր, 1969թ.` ժողովրդական, 1980թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, 1981թ.` ԽՍՀՄ Պետական մրցանակի, 2000թ.` Երևանի Պատվավոր քաղաքացու կոչման և ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի: Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: