Ծնվել է Ադրիանուպոլիսում (այժմ՝ Թուրքիայում): Սովորել է Ուշիի Սբ. Սարգիս վանքի դպրոցում, վանահայր Ոսկան Երևանցու մոտ: 1661թ. վերջինս ուղարկել է Ամստերդամ, ուր ստանձնել է Սբ. Էջմիածնի և Սբ. Սարգսի անվան հայկական տպարանի ղեկավարությունը՝ լույս ընծայելով երկու Սաղմոսարան և ժամագիրք: 1664թ-ից աշխատել է Ամստերդամ եկած Ոսկան Երևանցու հետ, որպես նրա օգնական՝ մասնակցել է 15 անուն գրքերի, այդ թվում՝ Շարակնոցի, Աստվածաշնչի, Առաքել Դավրիժեցու Պատմության, Վարդան ԱյգեկցուԱղվեսագրքի հրատարակմանը: 1669թ. հայկական տպարանը Ամստերդամից տեղափոխվել է Լիվոռնո, ուր հրատարակել է երեք կրոնական գիրք: 1672թ. Ոuկանյան տպարանը փոխադրվել է Մարսել, իսկ նա, անջատվելով հայ հրատարակչական խմբից, մնացել է Լիվոռնոյում: Որոշ ժամանակ եղել է Լիվոռնոյի հայ համայնքի քահանա: Թարգմանել է «Վարդապետութիւն քրիստոնէական» (Ամստերդամ, 1667թ.) և այլ գրքեր: Մահացել է Իտալիայի Լիվոռնո քաղաքում: