Ծնվել է Տրապիզոնում: Կրթությունն ստացել է տեղի ծխական դպրոցում: 1896թ. տեղափոխվել է Թիֆլիս: Բեմական գործունեությունն սկսել է 1897թ-ից: 1899թ-ից խաղացել է Կ.Պոլսի, Կովկասյան քաղաքների բեմերում, ապա տեղափոխվել Փարիզ, որտեղ ֆրանսերեն կատարել է Օթելոյի դերը և արժանացել ֆրանսիական մամուլի բարձր գնահատանքին: Խաղացանկում ունեցել է բացառապես շեքսպիրյան պիեսներ` «Համլետ» (1898թ.), «Օթելլո» (1899թ.), «Լիր արքա» և այլն: 1900թ. վերադարձել է Անդրկովկաս։ 1901թ. Թիֆլիսի Արտիստական թատրոնում հանդես է եկել Համլետի դերում։ Պետրոս Ադամյանից հետո երկրորդ հայ դերասանն է եղել, որ կատարել է Համլետի դերը, սակայն, հայ մամուլում դերասանի անվան շուրջ ստեղծել է մեծ աղմուկ, ոմանք («Տարազ») նրան համարել են բացառիկ տաղանդի տեր դերասան, ուրիշները («Մուրճ»)` որպես մի պատահականություն: Պաշտպանողներից է եղել Հովհաննես Թումանյանը: 1901-03թթ Համլետի և Օթելլոյի դերերն է խաղացել Երևանում, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), Կարսում, Բաթումում, Մոզդոկում և այլ քաղաքներում: Հետագայում անցել է Փարիզ, 1908թ. կրկին վերադարձել է Անդրկովկաս և մինչև 1917թ. առանձին դերակատարումներով, շեքսպիրյան մենախոսություններով ու Շեքսպիրի մասին դասախոսություններով ելույթներ ունեցել Թիֆլիսում և Բաքվում։ 1925թ-ից ապրել է Եգիպտոսում։ Մահացել է Կահիրեում: