Ծնվել է Երևանում: 1953թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1959թ` Լենինգրադի Վերա Մուխինայի անվան գեղարվեստի բարձրագույն ուսումնարանը: 1972-87թթ նախագահել է Հայաստանի նկարիչների միության դեկորատիվ կիրառական արվեստի մասնաճյուղը: 1973-87թթ եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության և նախագահության անդամ: 1962-79թթ դասավանդել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1964-74թթ` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Նրա անվան հետ է կապված ժամանակակից հայկական գոբելենի զարգացման սկիզբը։ Եղել է առաջինը, ով Հայաստանում 1960-ականների սկզբներին անդրադարձել է արվեստի այս նոր ժանրին։ Նրա ազդեցությունն իրենց վրա զգացել են Հայաստանի բոլոր նկարիչները, ովքեր աշխատել են դեկորատիվ-կիրառական արվեստի այս ոլորտում: «Աղերս խաղաղության» (1966թ.), «Կենաց» (1982թ., Սարդարապատի ազգագրական թանգարան), «Առատություն» (1983թ., ԺԱԹ), «Ջանգյուլում» (1974թ., ՀԱՊ), «Նարդի» (1983թ., ՌԴ դեկորատիվ արվեստի թանգարան), «Ռեքվիեմ» (2001թ.) և այլ գործեր աչքի են ընկնում գունապլաստիկ և կոմպոզիցիոն արտահայտչաձևերի թարմությամբ: Հեղինակ է բազմաթիվ մեծածավալ գոբելենների` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վարագույրը (360 մ), Շախմատի տան 4 գոբելենները (յուրաքանչյուրը` 20 մ), Գյումրիի Վ.Աճեմյանի անվան թատրոնի նախասրահի 8 գոբելենները (յուրաքանչյուրը` 20 մ), Վարագույրներ Ուստ Կամենոգորսկ (440 մ) և Վոլգոդոնսկ քաղաքներում (160 մ): Հեղինակել է գեղանկարչական բազմաթիվ կտավներ, որոնցից առանձնանում են «Հակասուպրեմատիզմ» շարքի աշխատանքները։ Հեղինակ է նաև խճանկարային պաննոների` «Սինթեզ» (1967թ.), «Դրախտ» (1968թ., գտնվում է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում, արժանացել է ՀՀ ԳԱ պատվոգրի), «Խաղողը» (1969թ., Արտաշատ), «Ծիլն ու արևը» (1970թ., համահեղինակ` Մ.Քամալյան, Ց.Ազիզյան), Մեծածավալ կոմպոցիզիա (2000x800 սմ, գտնվում է ՀՀ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտի շենքի ճակատային մասում), «Խաչատուր Աբովյան» (1972թ., Աբովյան, 1100x2500 սմ): Խճանկարները կատարված են բազմագույն բնական քարերից: Ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի և տարբեր երկրների թանգարաններում, պատկերասրհներում, ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդերում, մասնավոր հավաքածուներում: 1983թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: