Հանրագիտարան
ՀԱԿՈԲ ՂՐԻՄԵՑԻ
Տոմարագետ, երաժիշտ, լեզվաբան
Ծնվել է Ղրիմի Սուրխաթ կամ Ղրիմ քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա տեղափոխվել Երզնկայի դպրոցը (հիմնադրված 1386թ., Գևորգ Երզնկացու րաբունապետությամբ, նախ՝ Ավագ, ապա՝ Կապոսի վանքում), որն ավարտելուց հետո դասասաց ուսուցիչ է կարգվել նույն դպրոցում: 1389թ. աշակերտների համար ձեռագիր է ընդօրինակել, որոշ գործեր մեկնել-պարզաբանել ձեռագրերի լուսանցքներում կամ համառոտել՝ հեշտ և դյուրըմբռնելի դարձնելու նպատակով: Միաժամանակ դասավանդել է տոմարագիտություն: Գևորգ Երզնկացու հանձնարարությամբ իր դասախոսությունները գրի է առել և կազմել տոմարագիտության ձեռնարկ, որը նախորդ իմաստասերներից ու գիտնականներից մեխանիկորեն քաղված աշխատանք չէր, այլ առարկայի համակարգված և դյուրամատչելի շարադրանք: Գրիգոր Խլաթեցու խնդրանքով, 1410թ. տեղափոխվել է Վանա լճի հյուսիսում գտնվող Մեծոփա վանքի նորաբաց դպրոցը՝ որպես րաբունապետ և դասավանդել իմաստասիրություն և տոմարագիտություն: Խլաթեցուն փոխարինող Թովմա Մեծոփեցի րաբունապետի հանձնարարությամբ 1415թ. համառոտել է Գրիգոր Տաթևացու երկհատոր Քարոզգիրքը և դարձրել մեկ հատոր, որն ուներ սրբագրված, խմբագրված, ինչպես նաև` լրացումներով մի շարք քարոզներ: 1416թ. կարգավորել է տոմարի խախտված դասագիրքը, ապա գրել «Մեկնութիւն Տոմարի» աշխատությունը: «Մեկնության» սկզբում հիմնավորել է տոմարը ուսանելու համար քառյակ գիտությունների (թվաբանություն, երաժշտություն, երկրաչափություն և աստղաբաշխություն) ուսուցման անհրաժեշտությունը: Իր տեսություններից մի քանիսը հիմնավորել է՝ ելնելով լուսնի փուլերի սեփական դիտարկումից: Դասավանդել է նաև գրչության արվեստ և երաժշտություն: Դասվել է միջնադարյան հայ նշանավոր գիտնական-վարդապետների շարքը: Նրա ընդօրինակություններից, ինչպես նաև ուրիշների ընդօրինակությունների վրա նրա սրբագրություններով, լրացումներով ու մեկնություններով մեզ են հասել մի շարք ձեռագրեր, որոնց մի մասը գրված է նոտրգրով: Դրանցից են Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում և ՌԴ ԳԱ արևելագիտության ինստիտուտի Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղում («Քարոզգիրք») պահվող ձեռագրերը: Մահացել է Արևմտյան Հայաստանի Արծկեի Ցիպնավանքում: