Ծնվել է 1953թ. սեպտեմբերի 2-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1974թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1980թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը` ստանալով գեղանկարիչ-մանկավարժի որակավորում: 1980-88թթ աշխատել է Գյումրիի Ս.Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում՝ որպես գեղանկարի ուսուցիչ: 1983թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1984թ. ստացել է Հայաստանի «Հնգամյակի լավագույն որմնանկար»-ի 1-ին մրցանակ, 1988թ.՝ Հայաստանի ԼԿԵՄ կենտկոմի «Երիտասարդության գեղագիտական դաստիարակության և հասարակական ակտիվ աշխատանքի համար» պատվոգիր: 1997թ-ից (հիմնադրման օրից) Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրենն է (2013թ-ից՝ պրոֆեսոր): 2008թ-ից Գյումրու ժամանակակից արվեստի կենտրոնի փոխտնօրենն է: Նկարչի ֆիգուրատիվ և ոչ ֆիգուրատիվ կտավներն իր ծննդավայրի՝ հին Գյումրու նկատմամբ կարոտի արտահայտման դրսևորումներն են: Հին` նախաերկրաշարժյան Գյումրին պատկերելիս նախապատվությունը տվել է ռեալիստական ոճին, իսկ հետերկրաշարժյան դրությունը տեսանելի դարձնելու համար` բարոկկոյին, սիմվոլիզմին, մետաֆիզիկային, աբստրակցիոնիզմին: Ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ Հայաստանում (1989թ., 1995թ., 1996թ., 2013թ.), Ֆրանսիայում (1998թ.), Հոլանդիայում (1996թ.), Լեհաստանում (1990-92թթ), Սիրիայում (2004թ.) և այլուր: Նկարչի աշխատանքները գտնվում են տարբեր մասնավոր հավաքածուներում, ինչպես նաև տարբեր պատկերասրահների մշտական ցուցադրություններում: 2006թ. արժանացել է ՀՀ նախագահի շնորհակալագրի, 2011թ.՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալի: