Zark Foundation

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ

Երգչախումբ

Հիմնադրվել է 1937թ., Երևանում՝ որպես Հայֆիլհարմոնիայի կոլեկտիվ (25-30-հոգանոց)։ Հիմնադիր-գեղարվեստական ղեկավարը եղել է Թաթուլ Ալթունյան (1937-40թթ, 1947-49թթ), որի գործունեության առաջին իսկ տարիները նշանավորվել են ազգային դասական երգարվեստի լավագույն ավանդույթների զարգացմամբ, 1939թ. Մոսկվայում մասնակցել է հայ արվեստի ու գրականության առաջին տասնօրյակին, ապա հյուրախաղերով հանդես եկել Լենինգրադում և Բաքվում։ Երգչախմբի ստեղծագործական առաջընթացին, պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը, երկացանկի հարստացմանը մեծապես նպաստել է Արամ Տեր-Հովհաննիսյանը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար՝ 1940-41թթ, 1955-60թթ): Նրա ղեկավարությամբ հնչել է Վ.Ա.Մոցարտի «Ռեքվիեմ»-ը (1941թ.), Երևանում առաջին անգամ՝ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, իրագործվել Պ.Չայկովսկու «Իոլանտա» օպերայի համերգային կատարումը։ 1955թ-ից սկսվել է երգչախմբի ստեղծագործական նոր շրջանը: 1956թ. Մոսկվայում մասնակցել է հայ արվեստի և գրականության տասնօրյակին, երկացանկը հարստացվել է Հարո Ստեփանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Քոչարյանի, Էդգար Հովհաննիսյանի, Կարո Զաքարյանի, Մարտին Մազմանյանի, Վ.Արարատյանի լավագույն խմբերգերով, Է.Բաղդասարյանի և Ս.Ջրբաշյանի «1905 թվական» վոկալ սիմֆոնիկ պոեմով, ռուս դասական և ժամանակակից կոմպոզիտորների խմբերգային մի քանի գործերով։ Ա.Տեր-Հովհաննիսյանը պատրաստել է համերգային նոր ծրագիր՝ ներառելով հայ դասական երաժշտության՝ համերգասրահներում դեռևս չհնչած լավագույն նմուշներ՝ Կոմիտասի ու Մակար Եկմալյանի հոգևոր երկերը։ Երգչախումբը համերգներով հանդես է եկել Գյումրիում, Վանաձորում, հանրապետության շրջաններում։ 1950թ. երգչախմբի խմբավարը եղել է Լ.Տումաշևը, 1951թ.՝ Էմմա Ծատուրյանն ու Ջեյմս Գյոզալյանը, 1952թ.՝ Ա.Աբգարյանը, Է.Ծատուրյանն ու Ջ.Գյոզալյանը, իսկ 1953-54թթ՝ Ա.Աբգարյանն ու Է.Ծատուրյանը, 1957թ.՝ Նուբար Սնկրյանը։ Երգչախմբի ստեղծագործական առաջընթացի առավել նշանակալի շրջանն սկսվել է 1961թ-ից՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ։ Շարունակելով հայ դասական խմբերգային երաժշտության լավագույն ավանդույթները՝ երգչախումբը հասել է հայ խմբերգային արվեստի չգերազանցված մակարդակի, դարձել հայկական և համաշխարհային դասական խմբերգային երաժշտության լավագույն մեկնաբանը. երկացանկում ընդգրկվել են Յ.Ս.Բախի, Գ.Հենդելի, Վ.Ա.Մոցարտի, Լ.վան Բեթհովենի, Ֆ.Շուբերտի, Վ.Բելլինիի, Ջ.Ռոսսինիի, Ջ.Վերդիի, Ռ.Վագների, Ֆ.Մենդելսոնի, Յ.Բրամսի, Հ.Բեռլիոզի, Շ.Գունոյի, Գ.Ֆորեի, Բ.Սմետանայի, Ջ.Գերշվինի, Մ.Ի.Գլինկայի, Ա.Պ.Բորոդինի, Մ.Պ.Մուսորգսկու, Պ.Չայկովսկու, Ս.Տանեևի, Կոմիտասի, Մ.Եկմալյանի, Ք.Կարա-Մուրզայի, Բ.Կանաչյանի, Տ.Չուխաճյանի, Ա.Տիգրանյանի, Ա.Սպենդիարյանի, նաև ժամանակակից հեղինակների՝ Դ.Շոստակովիչի, Տ.Խրեննիկովի, Գ.Սվիրիդովի, Դ.Կաբալևսկու, Ռ.Շչեդրինի, Ա.Խաչատրյանի, Ա.Բաբաջանյանի, Ա.Հարությունյանի, Ա.Հովհաննեսի, Է.Միրզոյանի, Է.Հովհաննիսյանի, Գ.Հախինյանի, Ա.Սաթյանի և ուրիշների ավելի քան 700 (այդ թվում՝ շուրջ 40 խոշոր կտավի) ստեղծագործություն (15-ը ԽՍՀՄ-ում կատարվել են առաջին անգամ՝ Հ.Բեռլիոզի «Ռեքվիեմը», 1967թ., Երևան, Մոսկվա, «Տե Դեում», 1977թ., Լենինգրադ, «Ռոմեո և Ջուլիետ» դրամատիկական սիմֆոնիան, 1983թ., Մոսկվա, Գ.Ֆորեի «Ռեքվիեմը», 1971թ., Երևան, Մոսկվա, Շ.Գունոյի «Մահ և կյանք» օրատորիան, 1971թ., Մոսկվա, Ջ.Վերդիի «Ազգերի հիմը», Կ.Լամբերտի «Ռիո Գրանդե»-ն, վերջին երկուսը՝ 1982թ., Լենինգրադ, և այլն)։ Երգչախումբը երգում է 27 լեզվով։ Համերգներով շրջագայել է ԽՍՀՄ-ում, Լիբանանում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Հունաստանում, Չեխոսլովակիայում, Լեհաստանում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Սիրիայում, Թուրքիայում, Արգենտինայում, Ավստրալիայում։ Հանդես է եկել աշխարհի բազմաթիվ լավագույն նվագախմբերի, այդ թվում՝ ԽՍՀՄ պետական ակադեմիական, Մոսկվայի Մեծ թատրոնի և պետական ֆիլհարմոնիայի ակադեմիական, Լենինգրադի, Բուդապեշտի, Վրոցլավի ֆիլհարմոնիաների, Մարսելի օպերայի սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ Երգչախմբի համերգներին մասնակցել են երգիչներ Ի.Արխիպովան, Ե.Օբրազցովան, Ե.Նեստերենկոն, Վ.Ատլանտովը, Մ.Բիեշուն, Մ.Կասրաշվիլին, Հ.Վագները, Պ.Լիսիցյանը, Կ.Զարինշը, Զ.Սոտկիլավան, Պ.Բուրչուլաձեն, Ն.Իսակովան, Ց.Տատիշվիլին, Ա.Վեդերնիկովը, Լ.Իսակաձեն, Ն.Պետրովը, Գ.Ապավանիչյուտեն, նաև Գ.Գասպարյանը, Գ.Գրիգորյանը, Գ.Գալաջյանը, Ա.Կարապետյանը, Լ.Զաքարյանը, Օ.Գաբայանը, Վ.Միրաքյանը, Հ.Պապյանը, Է.Չախոյանը, Վ.Հարությունյանը, Վ.Խաչատրյանը, Ա.Ներսիսյանը, Ա.Նշանյանը, Ն.Հակոբյանը և ուրիշներ, խմբավարներ Խ.Մեյխանեջյանը, Ա.Վերանյանը, Լ.Զեյթաղյանը, Զ.Շեկունցը, Հ.Օդաբաշյանը, Կ.Ալեքսանյանը, կոնցերտմայստերներ Կ.Թոփչյանը, Ս.Երկանյանը, Ա.Տուրաբյանը։ Երգչախումբը համաշխարհային խմբերգային արվեստում միակն է, որը բեմում երգում է առանց նոտաների։ Թողարկել է ձայնասկավառակներ Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում։ Ձայնագրություններից մեկը 1970թ. Փարիզում արժանացել է ֆրանսիական «Charles Gros» ակադեմիայի Մեծ մրցանակի, իսկ երգչախումբը՝ Շվեյցարիայի «Montreux» միջազգային փառատոնի մրցանակի (1999թ.)։ Երգչախումն արժանացել է նաև ԽՍՀՄ և Հայաստանի պետական մրցանակների, ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» և ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալների, Մխիթարյան միաբանության և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալների, Ֆրիտյոֆ Նանսենի շքանշանի, ՀՊՄՀ «Խաչատուր Աբովյան» մեդալի, ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալի, ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալի: