Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի Մալաթիա քաղաքում: Հայոց ցեղասպանությունից (1915թ.) փրկվել է հրաշքով: Նախնական կրթությունն 1918-24թթ ստացել է Բեյրութի ամերիկյան որբանոցի վարժարանում, այնուհետև տեղափոխվել է Ֆրանսիա: Փարիզում, Վալանսում և Բրյուսելում աշխատել է որպես բանվոր, գործուն մասնակցություն ունեցել Ֆրանսիայի և Բելգիայի բանվորական շարժումներին, եղել Ֆրանսիայի կոմկուսի Վալանսի հայկական բաժանմունքի քարտուղարը: 1929թ. տեղափոխվել է Խորհրդային Հայաստան, աշխատել Էջմիածնում որպես արհմիութենական շրջանային կոմիտեի նախագահ: 1930-31թթ սովորել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի պատմատնտեսագիտական ֆակուլտետում, 1931-35թթ` Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետի պատմության բաժնում, 1935-38թթ` ԵՊՀ ասպիրանտուրայում: Ուսումնառությանը զուգընթաց դասավանդել է տարբեր ուսումնական հաստատություններում, եղել ասիստենտ ԵՊՀ-ում: 1938թ-ից մինչև կյանքի վերջն աշխատել է ԵՊՀ հայ ժողովրդի պատմության ամբիոնում որպես դասախոս: Զուգահեռ 1941-42թթ եղել է նաև հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչը, 1941-43թթ և 1945-55թթ` պատմության ֆակուլտետի դեկանը: 1941թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1943թ. նրան շնորհվել է դոցենտի կոչում: Հեղինակել է պատմաբանասիրական բնույթի մի շարք արժեքավոր ուսումնասիրություններ` «12-13-րդ դարերի ազդեցությունը «Սասունցի Դավիթ» էպոսի տարբերակներում» (1939թ.), ««Պատմութիւն վասն ազգին նետողաց» երկի հեղինակը» (1946թ.), «Անի քաղաքի 13-րդ դարի երկու արձանագրության մասին» (1955թ.), «Ֆրիկի երեք տաղերի մասին» (1956): Լայն ճանաչում ունի նրա հայ ժողովրդի պատմության «Հայաստանը նախնադարյան համայնական հասարակության և ստրկատիրության շրջանում» բուհական դասագրքի առաջին պրակը (1961թ.), որը հետագայում մաս է կազմել նաև բուհական քառահատոր (1963թ.) և երկհատոր (1975թ.) դասագրքերի, ունեցել առանձին հրատարակություն: 1970թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: