Zark Foundation

Հայկ Ղազարյան

Հայկ Ղազարյան

Պատմաբան

23 օգոստոս, 1930 - 19 օգոստոս, 2014

Ծնվել է Հայաստանի Ներքին Գյոզալդարա (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ) գյուղում: 1946թ. ավարտել է միջնակարգ դպրոցը, 1952թ.՝ Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Որպես պատմության ուսուցիչ աշխատել է Հայաստանի Նորատուս գյուղի ու Կամո (այժմ՝ Գավառ) քաղաքների դպրոցներում: 1958-76թթ եղել է ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1976-89թթ՝ Երևանի պետական համալսարանի ԽՍՀՄ պատմության ամբիոնի վարիչը, 1980-84թթ՝ միաժամանակ, համալսարանի պատմափիլիսոփայական ֆակուլտետի դեկանը, 1992-96թթ՝ Երևանի մանկավարժական ինստիտուտի Ռուսաստանի պատմության ամբիոնի վարիչը։ Աշխատությունները վերաբերում են Արևմտյան Հայաստանի 19-րդ դարի սոցիալ-տնտեսական կյանքի, հայ ազգային ազատագրական շարժումների և հայ հասարակական-քաղաքական հոսանքների պատմությանը։ «Արևմտահայերի սոցիալտնտեսական և քաղաքական կացությունը 1800-1870թթ» (1967թ.) աշխատության մեջ վերլուծել է արևմտահայերի քաղաքային կյանքը, ագրարային հարաբերությունները, պայքարը ազգային սահմանադրության ընդունման համար, լուսաբանել մասնավորապես 1862թ. Զեյթունի ապստամբության պատմությունը, նրա միջազգային արձագանքները։ «Հայ հասարակական-քաղաքական շարժումները 19-րդ դարի 50-60-ական թվականներին և Ռուսաստանը» (1979թ., ռուսերեն) աշխատության մեջ այլ հարցերի կողքին տվել է արևմտահայերի ազատագրման՝ նրանց նշած ուղիները։ Համահեղինակ է ՀՀ ԳԱ հրատարակած «Հայ ժողովրդի պատմության» 4-րդ և 5-րդ, «Հայ նոր գրականության պատմության» 2-րդ և 3-րդ հատորների։ Հրատարակվել են նաև նրա «Հայ ժողովրդի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում 1890-1922թթ» (2 հատոր, 2004թ., 2007թ.), «Սևրի պայմանագիրը և Միացյալ անկախ Հայաստանի հռչակումը» (2012թ.), «Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստան-Թուրքիա սահմանաբաժանման վերաբերյալ» (2012թ.) գրքերը: 1968թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1971թ-ից՝ պրոֆեսոր)։ Մահացել է Երևանում: